Ընտրական գործընթացում դեռևս միայն Հայրիկյանի դեմ կատարված դեպքի կապակցությամբ է քրեական գործ հարուցվել

Ընտրությունների հետ կապված դեռևս միայն 1 քրեական գործ է հարուցվել: Խոսքը բոլորին հայտնի՝  ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեպքի մասին է: Այս մասին այսօր ժամը 16:00-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Գլխավոր դատախազության Ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով` մինչև քվեարկության օրը ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է 88 հաղորդում, որոնց մեծ մասը Դատախազությունն արձանագրել է ավանդական և ցանցային լրատվամիջոցների, նաև նախագահի թեկնածուների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող հրապարակումների հիման վրա: Ստացված հաղորդումներից շատ քիչ դեպքերն են, որոնք  գրանցվել են քաղաքացիների և կազմակերպությունների կողմից ստացված հաղորդումների արդյունքում: Մինչ ընտրության օրը ստացված 88  հաղորդումներից 24 դեպքով գործերը կարճվել են` չհամապատասխանելու հիմքով, 4 դեպքի առթիվ տրվել են պարզաբանումներ, մնացյալ դեպքերով դեռևս շարունակվում են քննությունները:

Ա. Դավթյանի խոսքով` այսօր  ժամը մոտ 15:00-ի դրությամբ՝  15 դեպքերի մասին հաղորդումներ են ստացվել, սակայն դեռևս դրանց կապակցությամբ  քրեական գործ չի հարուցվել: «Քննություն իրականացվում է, որպեսզի պարզվի դրանց քրեական գործ հարուցելու հիմքերը, եթե նման հիմքեր լինեն, քրեական գործեր կհարուցվեն»,- ասաց Ա. Դավթյանը` նշելով, որ նախորդ ընտրութունների համեմատ՝ այս անգամ որակական տարբերություններ կան, ցուցակներում ընտրախախտումների թիվը բավականին քչացել է: «Նկատի ունենալով, որ շատ հաճախ քաղաքացիներն ընտրախախտում նկատելով՝ կարող են և չդիմել, այդ պատճառով որևէ հրապարակում, որ կզետեղվի զանգվածային լրատվամիջոցում, ես կարող եմ վստահ ասել, որ անարձագանք չի մնա»,- ասաց Ա. Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս