
Որդին սպանել է մորը

Փետրվարի 18-ին, ժամը 13:05-ին, Կենտրոնի շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հայտնում էին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը:
Օպերատիվ խումբն արագ դեպքի վայր հասավ: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:
Շուտով պարզվեց, որ ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
Իգիթյանի պատմածով` հաճախ էր վիճում մոր հետ: Այդ օրն էլ հերթական վիճաբանությունն էր եղել, որը, ցավոք, ողբերգությամբ ավարտվեց:
Իգիթյանը ցույց տվեց նաև դանակը, որով երկու անգամ հարվածել էր մոր կրծքավանդակին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
«Փաստինֆո»