Եզդիներին ոչ ոք կաշառք չի առաջարկում
«Եզդի ժողովուրդը կաշառք չի վերցնում, չնայած առաջարկներ եղել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիական հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին: Ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, այնպես էլ Հայաստանի քաղաքացի համարվող բոլոր ազգային փոքրամասնություններն այսօր առավոտից գնում են մոտակա ընտրատեղամասերն ու կատարում իրենց ընտրությունը: Բորիս Մուրազիի փոխանցմամբ, ընտրություններից առաջ եզդի ժողովրդին ընտրակաշառք առաջարկվել է:
«ՀՀ նախագահական ընտրությունները կարևորագույն իրադարձություն է մեր հասարակության կյանքում: Իհարկե, շատ լավ կլինի, որ եզդիներն էլ ակտիվ մասնակցություն ունենան այս ընտրություններին: Ընտրություններից առաջ հայտարարություններ եղել են այս կամ այն թեկնածուին պաշտպանելու մասին, սակայն դրանք լուրջ չեն, քանի որ ոչ մի կառույց այս պահին չունի այնքան հեղինակություն, որ ներկայացնի ամբողջ եզդիական համայնքը:
Եզդիները մշտապես տարբերվել են մի լավ կողմով, որ, եթե ընտրել են՝ ընտրել են առանց կաշառքի: Բոլոր թեկնածուներն էլ հասկանում են, որ եզդիներին կաշառք բաժանելու փորձերն անիմաստ են, և մենք նման դեպքերի մասին չենք լսել: Եզդիներին ոչ ոք չի կարող կաշառել. սա կուզեմ, որ բոլորը հիշեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բ. Մուրազին: