Եթե նոր պատերազմը դուրս գա Լեռնային Ղարաբաղի սահմաններից, ապա դրան կմասնակցեն Ռուսաստանն ու Թուրքիան. ռազմական փորձագետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Որևէ հիմք չկա պնդելու, թե Ռուսաստանը մարտական պատրաստվածության է բերում Հայաստանում ունեցած իր զորքերը՝ Ադրբեջանի դեմ պատերազմին մասնակցելու համար: Կարծում եմ, որ Ռուսաստանը կպահպանի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը, քանի որ դրա այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը:

Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվի պատերազմ, ապա այն կմղվի երկու երկրների ողջ սահմանների երկայնքով: Ռուսաստանն էլ պատասխանատու է Հայաստանի տարածքային ամբողջականության համար: Եթե պատերազմը տարածվի Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս, ապա Ռուսաստանն անպայմանորեն պետք է մասնակցի դրան:

Սակայն այդ դեպքում էլ Թուրքիան կմիանա Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին: Ռուսաստանը քաջատեղյակ է թուրքական գործոնի մասին և գիտակցում է, որ այդ հակամարտության կարգավորման հարցում չունի այլընտրանք՝ բացառությամբ միջնորդությունից: Այդ պատճառով էլ Ռուսաստանը շարունակելու է հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը:

Իսկ եթե ռազմական գործողությունները սահմանափակվեն Լեռնային Ղարաբաղի տարածքով, ապա Ռուսաստանը չի մասնակցի դրան: Հարավային Կովկասում կայունությունը բխում է Ռուսաստանի շահերից: Ռուսաստանը հիանալի գիտի, որ Հարավային Կովկասում նոր պատերազմը մեծ կայծ կհանդիսանա Հյուսիսային Կովկասի համար: Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման խնդրին,ապա կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի ոչ ռազմական ժամանակ կործանել քաղաքացիական ինքնաթիռներ:

Դրանք կարելի է կործանել միայն պատերազմական ժամանակ, քանի որ հնարավոր է՝ հակառակ կողմը դրանք գործածում է ռազմական նպատակներով: Այս տարվա ընթացքում հնարավոր են այնպիսի իրադարձություններ, որոնք հակամարտությունը կարող են հասցնել ճգնաժամային կետի: Եթե 2013 թվականին չքանդվի հակամարտության հանգույցը, ապա պատերազմն անխուսափելի է»:

Տեսանյութեր

Լրահոս