Ընտրողները քվեարկելուց հետո մոտենում են հատուկ մեքենայի

Մենք ընտրակաշառքների վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենք, քանի որ ընտրողները քվեարկությունից հետո մոտենում են հատուկ մեքենայի: Այս մասին «Մեդիա կենտրոնում» Skype-ով ուղիղ միացման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ում ղեկավարած կառույցը դիտորդական խումբ ունի Լոռու և Տավուշի մարզերում:

Ա. Սաքունցի խոսքով, ընտրախախտումների վերաբերյալ հաջորդ երևույթը՝ ընտրողներին դեպի ընտրատարածքներ մասսայաբար բերման ենթարկելուն է վերաբերում, որի արդյունքում մարդկային մեծ կուտակումներ են առաջանում:

«Հիմնականում մարդկանց սեփական մեքենաներով են բերում: Մենք արձանագրում ենք այն մեքենաների համարները, որոնք մեկ անգամից շատ են գալիս ընտրատեղամաս»,- ասաց Ա. Սաքունցը: Նրա խոսքով` իրավապահ մարմինները բավական պասիվ են, նրանք հանգիստ նստած են, իսկ իրավական աշխատանք գրեթե չկա: «Իրավապահ մարմինները գրեթե բացարձակապես չեն խառնվում ընտրական գործընթացին, մտածում եմ՝ որքանո՞վ են նրանք ընդհանրապես մասնագիտական աշխատանք անելու ընդունակ»,- ասաց Ա. Սաքունցը:

Նա նաև նշեց, որ որոշ ընտրատեղամասերում նկատվել են ոչ միայն բաց քվեարկության դեպքեր, այլև այնպիսիք, երբ քվեարկողը ոչ միայն քվեաթերթիկն է ցույց տալիս, այլև բարձրաձայն հայտարարում է, թե ում է ընտրել, և ոչ ոք նրան չի ասում, որ այդպես չի կարելի անել: Ընտրական տեղամասերում գտնվում են ընտրության իրավունք չունեցող անձինք, իսկ նրանց գործողություններին հանձնաժողովների կողմից կամք չի դրսևորվում ընտրախախտումները կանխելու ուղղությամբ:  «Բացի Սերժ Սարգսյանից, մնացած թեկնածուները բոլորը տեղամասերում վստահված անձինք չունեն, հատկապես գյուղական վայրերում վիճակը բարդ է, որտեղ միջազգային դիտորդներ չեն հայտնվել»,- ասաց Ա. Սաքունցը:

Նա նշեց նաև, որ  որոշ տեղամասերում իրենց հ/կ-ի դիտորդների նկատմամբ  փորձել են ճնշումներ գործադրել:

Տեսանյութեր

Լրահոս