СЕО-ն կազմել է Ռուսաստանի դոլարային միլիարդատերերի ցանկը. կան նաև հայեր (լուսանկարներ)
СЕО պարբերականը կազմել է Ռուսաստանի միլիարդատերերի ցանկը, որում հայտնվել է 131 միլիարդատեր: Դա պատմական ռեկորդ է: Նախորդ տարվա համեմատ՝ միլիարդատերերի քանակը Ռուսաստանում աճել է 11-ով:
2012 թվականին Ռուսաստանում բնակվում էր 120 գործարար, որոնց կարողությունը գնահատվում էր ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ 2011 թվականին՝ 114 միլիարդատեր: Վերջին 5 տարիների նվազագույն ցուցանիշը գրանցվել է ճգնաժամային 2009 թվականին՝ 49 մարդ: 2008 թվականին Ռուսաստանում հաշվվում էր 101 դոլարային միլիարդատեր, իսկ 2010 թվականին՝ 77 միլիարդատեր:
Նախորդ տարվա համեմատ 2013 թվականին աճել է նաև ավելի քան մեկ միլիարդ դոլար կապիտալով ձեռնարկատերերի ընդհանուր ունեցվածքի չափը: 2013 թվականին այն կազմել է 147 միլիարդ, դոլար, մինչդեռ 2012 թվականին՝ 131 միլիարդ դոլար, 2010 թվականին՝ 139 միլիարդ դոլար և 2009 թվականին՝ 76 միլիարդ դոլար: Եվ այնուամենայնիվ, այս տարվա ցուցանիշը զիջում է 2011 թվականի (182 միլիարդ) և 2008 թվականի (221 միլիարդ) ցուցանիշներին:
CEO-ի վարկածով՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդը «Մետալոինվեստ» ընկերության սեփականատեր Ալիշեր Ուսմանովն է, որի կարողությունը գնահատվում է 18.72 միլիարդ դոլար: Bloomberg-ի ու Forbes-ի համապատասխան վարկանիշներով Ուսմանովը դարձյալ զբաղեցնում է առաջին տեղը:
Երկրորդ տեղում է Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 17.2 միլիարդ դոլար: Երրորդ տեղը զբաղեցրել է «Ռենովա» ընկերության սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը՝ 15.94 միլիարդ դոլար (նրա կարողությունն աճել է 66 տոկոսով):
Չորրորդ տեղում է «Ալֆա գրուպ»-ի ղեկավար Միխայիլ Ֆրիդմանը՝ 15.32 միլիարդ դոլար (25 տոկոսանոց աճ), իսկ հինգերորդ տեղում՝ Միխայիլ Պռոխորովը՝ 15.25 միլիարդ դոլար: 6-րդ տեղում «Սևեռստալ» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովն է՝ 14.14 միլիարդ դոլար, 7-րդ տեղում՝ «Նովատեկ» գազային ընկերության խոշոր բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը՝ 13.74 միլիարդ դոլար:
8-րդ տեղում է «Բազային էլեմենտ» ընկեության սեփականատեր գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկան՝ 12.64 միլիարդ դոլար, 9-րդ տեղում՝ «Ինտերռոսա»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինն է՝ 12.32 միլիարդ դոլար, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է «Լուկօյլ» ընկերության նախագահ՝ Վագիտ Ալեկպերովը՝ 12.03 միլիարդ դոլար: Չուկոտկայի Դումայի նախագահ Ռոման Աբրամովիչը 11-րդն է՝ 11.53 միլիարդ դոլար:
CEO-ի միլիարդատերերի ցանկում ընգրկվել է նաև հինգ հայ: «Ռոսգոսստրախ»-ի համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը հանգրվանել է 38-րդ հորիզոնականում՝ 2.89 միլիարդ դոլար: Ցուցակում նրան անմիջապես հաջորդում է եղբայրը և գործընկերը՝ Սերգեյ Խաչատուրովը՝ 39-րդ տեղ և դարձյալ 2.89 միլիարդ դոլար:
«Տաշիր» ընկերության հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը 62-րդն է՝ 1.9 միլիարդ դոլար, իսկ «Ռեսո» ընկերության գլխավոր փոխտնօրեն Նիկոլայ Սարկիսովն իր 1.33 միլիարդ դոլար ցուցանիշով 92-րդն է: Նրան անմիջապես հաջորդում է նրա եղբայր Սերգեյ Սարկիսովը՝ 1.33 միլիարդ դոլար: