Իջևանում թեկնածուները գրեթե չունեն վստահված անձինք
Իջևանի ընտրատեղամասերում առանձնապես ոչ մի խախտում չի նկատվել: Բոլոր տեղամասերում իրավիճակը խաղաղ է, քանի որ ՀՀ նախագահի թեկնածուները չունեն վստահված անձինք: Այս մասին «Մեդիա կենտրոնի» հետ Skype-ով ուղիղ միացման ժամանակ ասաց «Դիլնետ Սերվիս» հ/կ ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը: Նշենք, որ նշյալ հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզում 71 դիտորդ ունի:
Ա. Հովհաննիսյանի խոսքով` ինքն անձամբ եղել է Իջևանի մի քանի ընտրատեղամասերում, և ամեն ինչ խաղաղ է անցնում: «Վստահված անձինք չկան, միայն դիտորդներ են ու քվեարկող քաղաքացիները»,- ասաց Ա. Հովհաննիսյանը` նշելով, որ ընդամենը մեկ-երկու փոքրիկ միջադեպեր են գրանցվել: Օրինակ` մեկ ընտրող շփոթվել էր և մեկ տող ներքև էր ստորագրել՝ մեկ ուրիշ քաղաքացու փոխարեն, փոքրիկ վեճ էր առաջացել, և այլն: «Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ դիտորդական առաքելություն իրականացնող համայնքներում առայժմ բավական հանգիստ է և օրենք է պաշտպանվում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: