Վրաստանում ձերբակալվել է Աբխազիա այցելած Հայաստանի քաղաքացին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները փետրվարի 15-ին ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Մերուժան Մարտիրոսյանին, ով խախտել է Վրաստանի օկուպացված տարածքներ (Աբխազիա) մուտք գործելու կանոնները: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հետաքննությունը պարզել է, որ Մերուժանն ապօրինի ճանապարհով մեկնել է Սուխում՝ Պսոու գետի հատվածի միջոցով, որով և խախտել է Վրաստանի քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը (օկուպացված տարածքներ այցելելու կանոնների խախտում): Եթե ապացուցվի Մարտիրոսյանի մեղքը, ապա նրան կսպառնա խոշոր տուգանք (սկսած 1200 դոլարից) կամ էլ 2-4 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին մոտ 10 օր առաջ հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է մեղմացնել օկուպացված տարածքների մասին օրենքը. «Գործող օրենքի համաձայն անմիջապես ձերբակալվում էին Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջոցով Վրաստանի տարածք մուտք գործած օտարազգիները: Նրանց դեմ հարուցվում էին քրեական գործեր, և նրանք տարբեր ժամկետներով հայտնվում էին վրացական բանտերում:
Մենք դա անարդար ենք համարում, քանի որ բանտում են հայտնվում Հայաստանի ու Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հայրենիք էին վերադառնում Վրաստանի միջով: Օրենքի նոր՝ խմբագրված, տարբերակն օրենքն առաջին անգամ նախատեսում է խախտելու դեպքում վարչական պատիժ, ըստ որի տվյալ անձն իրավունք չունի առանց Վրաստանի կենտրոնական մարմինների թույլտվության այցելի Աբխազիա ու Հարավային Օսիա: Օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում տվյալ անձանց նկատմամբ կհարուցվեն քրեական գործեր»: