ՆԱՏՕ-ն ավարտել է Թուրքիայի տարածքում Patriot զենիթա-հրթիռային համալիրների ծավալումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ավարտել է Թուրքիայի տարածքում Patriot զենիթա-հրթիռային համալիրների ծավալումը: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ այդ համալիրների ծավալման գործընթացն ամբողջովին ավարտված է, բոլոր համալիրներն էլ ակտիվացված են: Նա հավելել է, որ ուրբաթ Գազիանթեփ քաղաքում մարտական ծառայության է անցել ԱՄՆ-ի տրամադրած երկու մարտկոց Patriot զենիթա-հրթիռային համալիրներից երկրորդը:
Անկարան Patriot-ների ստացման հարցով ՆԱՏՕ-ին դիմել է նախորդ տարվա նոյեմբերի կեսին՝ «հարևան Սիրիայի հարձակումներից պաշտպանվելու նպատակով»: ՆԱՏՕ-ի խորհուրդը դա հավանության է արժանացրել դեկտեմբերի 4-ին: Ընդհանուր առմամբ, Թուրքիան ՆԱՏՕ-ից ստացել է Patriot զենիթա-հրթիռային վեց համալիր, թեև պահանջում էր 18-ը:
Դրանցից երկուական տրամադրել են ԱՄՆ-ը, Գերմանիան և Նիդերլանդները: ԱՄՆ-ի տրամադրած համալիրները, ինչպես արդեն նշվեց, տեղակայվել են Գազիանթեփում, Գերմանիայի տրամադրածները՝ Քահրամանմարաշում, իսկ Նիդերլանդների տրամադրածները՝ Ադանայում: