Տեր-Պետրոսյանը խառնել է նախագահի թեկնածուների թիվը (տեսանյութ)

Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում քիչ առաջ  քվեարկել է  ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Նա ասել է, որ քվեարկում է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների ապահովության համար: Լրագրողների հարցին, թե  արդյո՞ք ազատ-արդար ընտրություններ անցկացնելու իր կոչերն արդարացան, Ս. Սարգսյանը պատասխանել է, որ դա ցույց կտա ընտրությունների ընթացքը:  Այդ ընտրատարածքում գրանցված 1335 ընտրողից քվեարկել էր 180 մարդ: Ըստ հանձնաժողովի նախագահ Արևիկ Ղազարյանի՝ Սերժ Սարգսյանը 153-րդ քվեարկողն էր:

Որոշ ժամանակ անց նույն ընտրատեղամասում քվեարկելու եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության: Հարցին, թե  կա՞ր թեկնածու, որի օգտին արժեր քվեարկել, վերջինս պատասխանել է. «Իհարկե, կար, վեցին էլ արժեր քվեարկել»: Լրագրողների ճշտմանը, որ թեկնածուները 7-ն են, Լ. Տեր-Պետրոսյանն ուղղել է ինքն իրեն. «վե՞ց, թե՞ յոթ, ներողություն»: Ապա ավելացրել է. «Մեծ սիրով կքվեարկեի բոլոր 7 թեկնածուների համար, բայց օրենքը թույլ չի տալիս»:

Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կոչը` քվեաթերթիկներն անվավեր դարձնելու մասին, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Դա իրենց իրավունքն է: Ես կողմ եմ նրան, ինչ չի արգելվում օրենքով»: Լրագրողները ՀԱԿ առաջնորդին խնդրել են մեկնաբանել գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, ինչից նա հրաժարվել է՝ ասելով, որ դա հակաքարոզչություն կլինի:

Տեսանյութը՝ շուտով

Տեսանյութեր

Լրահոս