Բաժիններ՝

Վրաստանն ու Թուրքիան ցանկանում են անցկացնել համատեղ զորավարժություններ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան փետրվարի 16-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի հետ (Օզելը 1999 թվականին PKK-ի զինյալների դեմ քիմիական զենք կիրառելու համար ստացել է «Քիմիական Նեջդեթ» մականունը – 168.am):

Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը: Քննարկվել են նաև հարևան երկու երկրների ռազմական-ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: Խոսքը հիմնականում գնացել է ապագա համագործակցության և համատեղ զորավարժությունների անցկացման մասին:

Նույն օրը վրացական պատվիրակությունը հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության գծով հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում թուրքական կողմը հայտարարել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործըթնացին:

Հիշեցնենք, որ Իրակլի Ալասանիան հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ, ով նույնպես հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս