ՀՀ նախագահական ընտրություններն աչքի են ընկնում որևէ լուրջ ընդդիմության բացակայությամբ. France-Presse
France-Presse լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել ՀՀ-ում այսօր կայացող նագահական վեցերորդ ընտրություններին. «Հարցումները վկայում են այսօրվա ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին: Այսօրվա ընտրությունները ժողովրդավարական թեստ կհանդիսանան հետխոհրդային երկրի համար:
Դրանք ընդգծվում են որևէ լուրջ ընդդիմության բացակայության մարտահրավերով: Ընտրությունների անցկացումը գրեթե մինչև վերջին պահը կասկածի տակ էր՝ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի պատճառով, սակայն վերջինս վերջո հրաժարվեց ընտրությունները հետաձգելուց:
Իշխանությունները հուսով են, որ ընտրությունները կանցկացվեն խաղաղ միջավայրում՝ բարելավվելու համար եվրոպական ինտեգրման հեռանկարները 2008 թվականին տեղի ունեցած վիճելի նախագահական ընտրություններից հետո, որոնք ավարտվեցին Սարգսյանի հաղթանակով և 10 մարդու կյանք խլած բախումներով:
Սարգսյանն «օրինակելի» ընտրության կոչ է արել՝ ընդգծելով, որ դեպի ծով ելք չունեցող և բնական պաշարներով աղքատ երկիրը «չունի ապագա», եթե ընտրությունները չհամապատասխանեն եվրոպական չափորոշիչներին:
Հարցումների մեծ մասը վստահ առավելություն է տալիս Սարգսյանին, քանի որ մասնատված ընդդիմությունը չկարողացավ ամբողջական մարտահրավեր նետել գործող նախագահին: Մեծ հանրաճանաչություն վայելող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ընտրապայքարից: Եվս մեկ ծանրակշիռ թեկնածու էր համարվում հետխորհրդային Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, ով, սակայն, հայտարարեց, որ արդեն 68 տարեկան է և որ չափազանց ծեր է նախագահի գործառույթներ իրականացնելու համար»: