
Մահ՝ ոստիկանության Գյումրիի բաժնում

Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնում մահացել է Գյումրիի բնակիչ Սամվել Գրիգորյանը: Ըստ «Pastinfo.am» -ի ունեցած տեղեկությունների՝ նույն բաժնում և նույն սենյակում են գտնվել նաև նրա երկու դուստրերը: Ս.Գրիգորյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել դստեր կողմից ստացված ահազանգի հիման վրա:
Ըստ այդ ահազանգի՝ հայրը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է ընտանիքի անդամների հետ և պատառաքաղով սպանելու սպառնալիքներ տվել ահազանգի հեղինակ դստեր ամուսնուն: Ահազանգողը խնդրել է ոստիկանների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ահազանգի հեղինակին, նրա քրոջը և հորը ոստիկանության Գյումրիի բաժին են ուղեկցել նույն մեքենայով:
Ոստիկանության բաժնում Ս.Գրիգորյանը աթոռին նստած սկսել է փսխել, ապա մահացել է: Նախնական տեղեկություններով՝ մինչ ոստիկանության բաժին գալը նա մեծ քանակությամբ սպիրտ էր օգտագործել:
Արդեն կատարվել է մահացածի դիահերձումը: Դեպքի քննությամբ, ըստ ամենայնի, կզբաղվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: