
Թուրքիան դեմ է սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը. Սիրիայի ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի կառավարությունն ապակառուցողական և կործանիչ դեր է խաղում սիրիական ճգնաժամում, որը շարունակվում է արդեն երկու տարի: Այս մասին նշված է երեկ ՄԱԿ ԱԽ-ին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին Սիրիայի ԱԳՆ-ի հղած ուղերձում.
«Անկարայի թշնամական քաղաքականության վերջին դրսևորումը եղավ ընդդիմադիր մի շարք խմբակցությունների վրա ճնշում գործադրելը, որպեսզի նրանք մերժեն նախագահ Բաշար Ասադի (հունվարի 6-ին) ներկայացրած քաղաքական կարգավորման ծրագիրը: Դրանով իսկ Թուրքիայի իշխանությունները նորից ցույց տվեցին, որ հանդես են գալիս ճգնաժամի խաղաղ կարգավորման դեմ»:
Սիրիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Թուրքիան շարունակում է բաց միջամտել սիրիական ներքին գործերին` իր տարածքում ստեղծելով ահաբեկչական կազմավորումների հավաքման, նախապատրաստման ու սպառազինման կենտրոններ, որտեղից էլ ահաբեկիչներն ապօրինի ճանապարհով ուղարկվում են սահմանից այն կողմ: Դամասկոսն ընդգծում է, որ Անկարայի այդ քաղաքականությունը սպառնում է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը: