
Վրաստանի ու Ռուսաստանի միջև որոշակի համագործակցություն կարող է սկսվել Սոչիի օլիմպիական խաղերով. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ` Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն իրենց առաջիկա հանդիպման ընթացքում քննարկելու են հաջորդ տարի Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի հարցը:
Այս մասին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Վերջինիս խոսքերով` Սոչիի օլիմպիական խաղերի շուրջ կարող է որոշակի համագործակցություն սկսվել Վրաստանի ու Ռուսաստանի միջև:
Փանջիկիձեն հավելել է, որ կան մի շարք խնդիրներ` կապված օլիմպիական այդ խաղերին վրացական թիմի մասնակցության հետ. «Վրացական կողմի պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք չենք բոյկոտում Օլիմպիական խաղերը: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմը մասնակցի դրանց, սակայն դրա համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի պայմաններ, քանի որ այդ խաղերն անցկացվում են այն երկրի տարածքում, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Կան մի շարք հարցեր, որոնք ունեն կարգավորման կարիք, որպեսզի մեր թիմը կարողանա մասնակցել Սոչիում կայանալիք առաջիկա Օլիմպիական խաղերին»:
Աբաշիձեի ու Կարասինի երկրորդ հանդիպումը պետք է տեղի ունենա մարտի 1-ին, սակայն այս անգամ այն պետք է կայանա ոչ թե Ժնևում, այլ եվրոպական որևէ քաղաքում: Հանդիպման ստույգ վայրը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Աբաշիձեի ու Կարասինի առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևի արվարձանում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին շարունակել տվյալ ձևաչափով իրենց հանդիպումները: