Էջմիածին կգնա, մոմ կվառի

Քարոզարշավի վերջին օրը՝փետրվարի 16-ին,  ՀՀ նախագահի թեկնածուներից ամենահագեցածը Պարույր Հայրիկյանի գրաֆիկն է: Թեև թեկնածուն դեռևս բողոքում է  հունվարի 31-ի կրակոցից հետո առաջացած առողջական խնդիրներից, սակայն վաղը նախատեսում է անցկացնել մի քանի միջոցառումներ:

Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբից 168.am-ին տեղեկացրին, որ վաղն իրենց թեկնածուն հանդիպելու է ԵԱՀԿ դիտորդական խմբի հետ, այնուհետև ժամը 11-ին հանդես է գալու մամուլի ասուլիսով, ժամը 15:00-ին՝ մեկնելու է Էջմիածին՝ մոմ վառելու, որի ընթացքում հնարավոր է՝  լինի նաև հանդիպում ընտրողների հետ: Իսկ երկուսուկես ժամ անց թեկնածուն արդեն կլինի Երևանում՝ «Ազատության» հրապարակում՝ հանդիպելու իր ընտողների հետ, իսկ երեկոյան էլ բացառված չէ, որ հյուրընկալվի Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը:

ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, ինչպես 168.am-ին տեղեկացրին թեկնածուի նախընտրական շտաբից, «Մոսկվա» կինոթատրոնում կհանդիպի ընտրողների հետ: Ի դեպ, ՀՀԿ թեկնածուն մինչ այժմ հանդիպել էր Երևանի մյուս վարչական շրջանների ընտրողների հետ և Կենտրոնը կլինի վերջինը:

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի վերջին օրը կամփոփի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում՝ ժամը 17:00-ին: Թեկնածուի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը 168.am-ին փոխանցեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը հանդես կգա նաև ամփոփիչ մամուլի ասուլիսով:

Կարդացեք նաև

Նշենք, որ փետրվարի 16-ին 12:00-17:00-ն «Ազատության» հրապարակում հավաք կազմակերպելու վերաբերյալ, որն էլ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել: Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ նպատակահարմարությունից ելնելով, որոշել են «Ազատության» հրապարակում ժողովրդի հետ հանդիպել ոչ թե փետրվարի 16-ին, այլ ընտրություններից հետո ՝փետրվարի 20-ին և 22-ին:

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը միակ թեկնածուն է, ով քարոզարշավի վերջին օրը ևս մարզային այցելություն է կազմակերպում: Թեկնածուի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ Հրանտ Բագրատյանը փետրվարի 16-ին մեկնելու է Նոյեմբերյան, հանդիպումներ կլինեն ոչ միայն Նոյեմբերյանում, այլ նաև հարակից գյուղերում:

Պասիվ քարոզարշավի կողմնակից թեկնածուներն էլ քարոզարշավի վերջին օրը ևս ընտրողների հետ հանդիպում չեն ունենա: ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը 168.am-ին տեղեկացրեց, որ հանդես է գալու մամուլի ասուլիսով, որի ընթացքում ոչ միայն ամփոփելու է քարոզարշավի ընթացքը, այլ նաև ներկայացնելու է իրենց կողմից հավաքած տվյալները Հայաստանից հեռացած ընտրողների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այդպիսի պաշտոնական տվյալ Արման Մելիքյանը պահանջում էր նաև իշխանություններից, սակայն նրա դիմումները մերժվեցին:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ևս որևէ փոփոխություն չի մտցնի իր քարոզարշավում: Նրա շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի քարոզարշավի մեկնարկի օրվանից սկսած իր հացադուլը՝ միակ տարբերությամբ, որ վերջին օրը հանդես կգա հայտարարությամբ:

Իր քարոզարշավը մամուլի ասուլիսով կեզրափակի նաև Վարդան Սեդրակյանը: Նա ևս քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումներ չկազմակերպեց՝ այն համարելով ժամանակի անիմաստ վատնում: Ցավոք, երեկոյան մեզ չհաջողվեց կապ հաստատել պարոն Սեդրակյանի հետ՝ պարզելու համար արդյոք քարոզարշավի փակումը, ինչպես եղել էր քարոզարշավի մեկնարկին, խորովածով կնշանավորի՞ թեկնածուն, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ «ոչ հանդիպումային» թեկնածու էր նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով փետրվարի 8-ին ինքնաբացարկ ներկայացրեց:

Տեսանյութեր

Լրահոս