Հարուստները, բիզնեսի տերերը վախենում են, որ մի օր իրենց ունեցվածքը, իրենց երեխեքին, իրենց կանանց կարող են տանել
«Այս ընտրությունների մասխարայությունից հետո Հայաստանից գնացողների թիվը աճելու է»: Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ իշխանությունների կողմից փորձ է արվում «սպանել քաղաքացուն»՝ դրանով իսկ նպաստելով արտագաղթի մեծացմանը: «Մարդը ֆիզիկապես կա, բայց քաղաքացին, պայքարողը հասարակության մեջ քչանում են: Հունվարին ինքնաթիռով Հայաստանը 8000 մարդ է լքել, իսկ ցամաքով՝ ավելի շատ մարդ է գնում: 25 տոկոսով ավելի շատ, քան անցյալ տարի: Ընտրության մասխարայությունից հետո Հայաստանից գնացողների թիվը ավելի բարձր տոկոսի կհասնի: Այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կարող է 70-80.000 մարդ լքել: Գնում են բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն: Գնում են ոչ թե սոցիալական, այլ անապահով լինելու պատճառով: Անգամ հարուստները, բիզնեսի տերերը վախենում են, որ մի օր իրենց սեփականությունը, իրենց ունեցվածքը, իրենց երեխեքին, իրենց կանանց կարող են տանել: Սա է այսօրվա վիճակը»,- մասնավորեցրեց Արամ Մանուկյանը:
Վերջինս նշեց, որ ինքն այսօր հանդիպել է ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ում անունից փոխանցեց, որ երկուշաբթի օրը կայանալիք նախագահական ընտրություններին Առաքելյանը քվեարկելու է «Սերժի անվավերի օգտին», ինչպես նաև ՀԱԿ ակտիվիստի անունից կոչ արեց միանալ ՀԱԿ կուսակցության ստեղծմանը: