Վրաստանում խորհրդարանական միջանկյալ ընտրություններն անցկացվելու են ապրիլի 27-ին. ԿԸՀ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի երեք միամանդատ օկրուգներում միջանկյալ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 27-ին: Խոսքը գնում է Նաձալադևիի (Թբիլիսիի շրջան), Սամտրեդիայի ու Բագդադիի (Իմերեթիի շրջան, Արևմտյան Վրաստան): Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Տվյալ օկրուգներում միջանկյալ մեծամասնական ընտրությունների անցկացումը պայմանավորված է հոկտեմբերի 1-ի խոհրդարանական ընտրություններում դրանցից ընտրված պատգամավորների տեղափոխության հետ:
Մասնավորապես, խոսքը գնում է Արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի (Նաձալադևի), էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի (Սամտրեդիա) և գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի (Բագդադի) մասին: Նրանք երեքն էլ հանդիսանում են խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներ:
Նախորդ տարվա դեկտեմբերին խորհրդարանը հաստատել էր այն օրենսդրական ուղղումը, ըստ որի՝ մեծամասնական ընտրությունների անցկացումը հոկտեմբերի հետ մեկտեղ հնարավոր է նաև ապրիլին: Մասնավորապես, եթե պատգամավորի լիազորությունները դադարեցվում են փետրվարի 15-ից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապա միջանկյալ ընտրությունները, որում տվյալ օկրուգներից կընտրվեն նոր պատգամավորներ, պետք է անցկացվեն նույն թվականի հոկտեմբերին, իսկ հակառակ դեպքում՝ մոտակա ապրիլին:
2012 թվականի հոկտեբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքերով՝ «Վրացական երազանք» դաշինքը ստացավ 150-հոգանոց խորհրդարանի 86 մանդատ, իսկ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 64 մանդատ:
Ներկայումս այդ պատկերը որոշակի փոփոխության է ենթարկվել. «Վրացական երազանքը» խորհրդարանում ունի 83 ներկայացուցիչ (3 պատգամավոր տեղափոխվել են գործադիր իշխանություն), իսկ «Միասնական ազգային շարժումը»՝ 54 ներկայացուցիչ (10 պատգամավոր լքել է նրա շարքերը):