Ամուսնության օրվա բանաձևը
Մարդը բնության մասնիկն է, մեր ճակատագրի վրա ազդում են տիեզերական ուժերը։ Հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել է, թե ինչպե՞ս ընտրել ամուսնության համար առավել բարենպաստ տարեթիվը, ամիսը, օրը։
Նահանջ տարի
Կան մարդիկ, որոնք գտնում են, որ նահանջ տարիներին (չորսի վրա բաժանվող տարեթվերն են) կազմված ընտանիքները չեն կարող երջանիկ լինել։ Նման պատկերացումները որևիցե պատմական հիմքեր չունեն, սակայն կա մի հետաքրքիր բացատրություն` նահանջ տարիներին ընտրության իրավունքը տրվել է հարսնացուներին։ Նման մի օրինակ է նկարագրված Խ. Աբովյանի «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի և հարսանեկան սովորությունների մասին»-ում։ Երկը գրված է 1840 թվականին։
Ինչո՞ւ չէին ամուսնանում մայիս ամսին
Ըստ այլ հավատալիքի` մայիսին կազմված ընտանիքը չէր կարող բարեկեցիկ լինել։ Մայիս ամիսը գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջան է, և պարկեշտ մարդիկ չէին կարող հետաձգել իրենց աշխատանքները և զբաղվել հարսանյաց հանդեսի նախապատրաստական աշխատանքներով։ Հնագույն ժամանակներից մայիսի առաջին օրերին նշվել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին նվիրված տոն։ Մայիսի մեկին նշվող Աշխատավորների Միջազգային օրը այս տոնի արձագանքն է։ Այնուամենայնիվ, հին բնապաշտական հավատքի հետ կապված ավանդույթը, երևի թե, արժե պահպանել։
Լուսնային ամսի բարենպաստ օրերը
Կա կարծիք, որ աճող Լուսնի ժամանակաշրջանն առավել բարենպաստ է ամուսնության համար, այդ դեպքում ամուսինների փոխադարձ հետաքրքրությունը և շփման ցանկությունը երկարատև է լինում։ Ընտանեկան կյանքի հանդեպ հակված են Ցուլի, Խեցգետնի, Կշեռքի նշանները։ Լուսինը Ջրհոսի նշանի տակ չի խոստանում ամուր ընտանեկան կապեր, իսկ Կարիճի և Կույսի նշաններից արժե խուսափել։ Խոսքը համապատասխան օրերի, այլ ոչ թե այդ օրերին ծնվածների մասին է։ Ամուսնության համար բարեհաջող չեն Լուսնի 9-րդ, 13-րդ, 15-րդ, 19-րդ, 20-րդ, 23-րդ-29-րդ օրերը, առավել բարեհաճ են` 3-րդ, 6-րդ, 12-րդ, 17-րդ, 24-րդ և 27-րդ օրերը։ Մնացած օրերը չեզոք են։ Աստղագուշակները խորհուրդ չեն տալիս խնջույքներ կազմակերպել Լուսնի խավարման օրերին։
Շաբաթվա բարենպաստ օրերը
Հին հայկական տոմարում շաբաթվա օրերն ունեցել են այլ անվանումներ.
1. Կիրակի օրը կոչվել է Արեգակի,
2. երկուշաբթին` Լուսնի,
3. երեքշաբթին` Հրատի (Մարս),
4. չորեքշաբթին` Փայլածուի (Մերկուրի),
5. հինգշաբթին` Լուսնթագի (Յուպիտեր),
6. ուրբաթը` Արուսյակի (Վեներա),
7. շաբաթը` Երևակի (Սատուրն)։
Երկուշաբթի օրը դնում է ամուսնական զույգի ապագա կյանքի վրա Լուսնի կնիքը` նուրբ, զգացմունքային հարաբերություններ, որոնք լի են փոխադարձ ուշադրությամբ։
Երեքշաբթի անհաշտ և երկխոսելու հակում չունեցող Հրատի օրն է։ Այս օրն ընտանիքի կազմած զույգի հարաբերությունները լի են վեճերով և հաջորդող գրկախառնություններով։
Չորեքշաբթին բարենպաստ է նրանց, ովքեր պատրաստ են չսահմանափակել իրենց կողակցի ազատությունը։ Փայլածուի նշանը դնում է իր կնիքը` չափավոր զգացմունքային, շրջահայաց հարաբերություններ։
Հինգշաբթի օրը երևի թե ամենաանբարենպաստն է ամուսնության համար։ Հզոր Լուսնթագը մի անլուծելի խնդիր է դնում ամուսիններն առջև. «ո՞վ է այս ընտանիքում ամենագլխավորը»։ Հինգշաբթի օրը կազմված ընտանիքը հաճախ է լուծարվում դավաճանության հետևանքով։
Ուրբաթ օրը բարենպաստ է ամուսնության համար, քանի որ պատկանում է ներդաշնակություն և խաղաղություն խորհրդանշող, սիրահարվածներին հովանավորող` Արյուսակին։ Երևակը ենթադրում է փոխադարձ հավատարմություն և խոհեմություն։ Եթե դուք պատրաստ եք գնալ անձնական զոհաբերությունների` հանուն ընտանիքի բարեկեցության, ապա կատարեք ձեր հարսանյաց հանդեսը շաբաթ օրը։ Այդ օրը կազմված ընտանիքի կյանքը թեև անամպ չէ, երկարատև է։
Կիրակին Արեգակի օրն է։ Այն, ինչ սկսվում է Արևի հովանավորութամբ, ուրախություն, սեր և երջանկություն է պարգևում։ Կիրակին հրաշալի օր է ամուսնության համար։ Ամուսիններից յուրաքանչյուրը պատրաստ է սատարել կողակցի անձնական երազանքների և ստեղծագործական հաջողությունների կատարմանը` աշխատանքային դիրքի ամրապնդմանը։
Չէ՞ որ արևը ջերմացնում և լուսավորում է մեր Երկիրը` փոխարենը ոչինչ չպահանջելով։ Այդպիսին են այն պատկերացումները, որոնք ձևավորվել են հազարամյակների ընթացքում։ Կարծում ենք, որ եթե չկա հայացքների, ցանկությունների, ճաշակի ընդհանրություն և իրական սեր, ապա դժվար թե ամուր ընտանիք ստեղծվի` անկախ ձեր ամուսնության օրից։
«168 ԺԱՄ»