Մեկ շաբաթում ԵՄ-ը երկու անգամ դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը փետրվարի 14-ին հանդես է եկել Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության խախտման մասին հայտարարությամբ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դա ԵՄ-ի նմանատիպ երկրորդ հայտարարությունն է:
Առաջին հայտարարությունն արվել է փետրվարի 9-ին, որում եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն դատապարտել են ընդդիմադիրներ Իլգար Մամեդովի և Թոֆիկ Յաղուբլուի ձերբակալումը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց:
Երեկվա հայտարարությունում ԵՄ-ը կրկնել է իր այդ կոչը և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատել այդ երկու ընդդիմադիրներին, ինչպես նաև ապահովել նրանց դեմ ներկայացված մեղադրանքների թափանցիկ ու արդար հետաքննություն:
ԵՄ-ը նաև կոչ է արել անկողմնակալ հետաքննություն անցկացնել հունվարի 23-24-ին Իսմայիլիում և հունվարի 26-ին Բաքվում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարների նկատմամբ: ԵՄ-ը դատապարտել է փետրվարի 12-ին քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների՝ Ջավիդ Նաբիևի ու Գյունայ Իսմայլովայի ձերբակալումը:
ԵՄ-ը խոր մտահոգություն է հայտնել գրող Աքրամ Այլիսլիի հանդեպ հնչեցված վերջին սպառնալիքների կապակցությամբ՝ պահանջելով Բաքվից ապահովել գրողի անվտանգությունը և կատարել խոսքի ազատության ոլորտում ստանձնած պարտավորությունները:
ԵՄ-ը հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանը պետք է բարելավի իրավիճակը ժողովրդավարության, հիմնական ազատությունների, անկախ դատարանների ու օրենքի գերակայության ոլորտներում: