Դաշնակցության վերջին ծառայությունը Սերժ Սարգսյանին

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, որով ընտրողներին կոչ է արել փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության և ձայն չտալ իշխանության թեկնածուին, այլ քվեարկել խղճով ու ցանկությամբ, կամ քվեաթերթիկն անվավեր դարձնել: Առաջին հայացքից՝ «ջախջախիչ», «ընդդիմադիր» թվացող այս դիրքորոշումն, ըստ էության, Դաշնակցության վերջին ծառայությունն է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջին` ընտրություններից առաջ և ընտրությունների առնչությամբ: Բնականաբար, ՀՅԴ-ն հույս ունի, որ այսպիսով նոր հնարավորություններ կբացվեն՝ նախագահական ընտրություններից հետո իշխանության հետ «ազգային» որևէ ծիրի մեջ համագործակցելու, ավելի պարզ  ասած, Դաշնակցության վերնախավի կիսաօլիգարխիկ կարգավիճակը պահպանելու, հնարավորության դեպքում` նաև ավելացնելու առումով:

Բանն այն է, որ ընտրություններին չմասնակցող ուժերի թվում Դաշնակցության համար ամենահեշտն ու հիմնավորվածը կարող էր լինել առաջադրված թեկնածուներից որևէ մեկին, մասնավորապես՝ «Ժառանգության»  ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտպանելը: Ոչ միայն այն պատճառով, որ Րաֆֆին, ինչպես ակտիվ սփյուռքահայերի մեծ մասը, ըստ տարածված կարծիքի՝ նախկին դաշնակցական է եղել: Իրականում Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզարշավը վարում է, ըստ էության, որպես դաշնակցական գործիչ: Եվ արտաքին քաղաքական, և ներքին` տնտեսական, սոցիալական, կամ, ինչպես դաշնակցականները կասեին, կենցաղվարությանը վերաբերող հարցերում: Այսինքն` մեծ հաշվով, Րաֆֆի Հովհաննիսյանի և Դաշնակցության միջև ծրագրային տարբերություններ չկան, եթե անգամ լինեն այդպիսիք, ապա ոչ թե՝ գաղափարական, սկզբունքային, այլ՝ մարտավարական հարցերում, ինչը նման դեպքում` նախագահի ընտրության պարագայում, չէր կարող խոչընդոտ հանդիսանալ: Ավելին` երբ անցած տարվա աշնանը Դաշնակցությունը ներկայացրեց մի քանի կետից բաղկացած իր պլատֆորմը, Րաֆֆի Հովհաննիսյանն անմիջապես հայտարարեց, որ համաձայն է այդ առաջարկների հետ և պատրաստ է ընդունել դրանք: Այսինքն` եթե ՀՅԴ-ն ցանկանար, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը` դաշնակցական պլատֆորմով, այսօր կարող էր լինել ավելի շատ՝ Դաշնակցության, քան՝ «Ժառանգության» թեկնածուն: ՀՅԴ-ի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտպանելու դեպքում այսօր, բնականաբար, միանգամայն այլ իրավիճակ կստեղծվեր և «միասնական թեկնածուի» կերտումը, որը իբրև թե Դաշնակցության գլխավոր նպատակն էր, ավելի իրական կդառնար: Սակայն Դաշնակցությունն՝ իր լղոզված դիրքորոշումներով, դա չարեց, և այսօր ձևի մեջ՝ «ընդդիմադիր», գործնականում` իշխանությանը  սատարող հայտարարություն է տարածում` իր համակիրներին կոչ անելով՝ գնալ ընտրատեղամասեր ու փչացնել քվեաթերթիկը: Իրականում այս ընտրություններում իշխանության թիվ մեկ խնդիրն ընտրողների մասնակցությունն է, ինչի մասին խոսում են բոլորը, չեն թաքցնում անգամ հանրապետականները: Այս անգամ մարդկանց ընտրակաշառք են բաժանելու ոչ այնքան՝ այս կամ այն թեկնածուին քվեարկելու, որքան՝ միայն ընտրատեղամաս գնալու համար: Ու այս հարցում Դաշնակցությունը հրաշալի օգնություն է ցույց տալիս Ս. Սարգսյանին` իր շարքերին կոչ անելով ներկայանալ քվեարկության: Ի դեպ, Դաշնակցության կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ-ն շատ ավելի ազնիվ է իր գործողություններում: Բազմաթիվ կարկառուն ԲՀԿ-ականներ, առանց ավելորդ ձևականությունների, հրապարակավ հայտարարել են, որ պաշտպանում են Սերժ Սարգսյանին: Մնում է սպասել, թե վերջինս նրանցից ում ինչպես շնորհակալ կլինի՝ բացահայտ կամ ծպտյալ աջակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս