Թուրքիան ու Սիրիան փոխանակվել են հրետանային հարվածներով

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Սիրիան փոխանակվել են հրետանային հարվածներով: Սիրիայի տարածքից արձակված արկն ընկել է Թուրքիայի Հաթայ նահանգի Յայլադաղ շրջանում՝ անտառածածկ տարածքում: Դրա հետևանքով զոհեր կամ էլ վիրավորներ չեն գրանցվել:

Նշվում է, որ միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան՝ Լաթաքիայի մոտ սիրիական զորքերի ու ապստամբների միջև ծավալված մարտերի ժամանակ: Դեռ հայտնի չէ, թե որ կողմն է արձակել արկը, որը Թուրքիայի տարածքում ընկել է Սիրիայի սահմանից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա: Դրանից հետո թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել:

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները զգալիորեն սրվեցին այն բանից հետո, ինչ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից հրետակոծվեց Թուրքիայի Աքչաքալե շրջանը, ինչի հետևանքով զոհվեց 5 մարդ:

Ավելի ուշ թուրքական Yurt թերթը գրեց, որ այդ հրետակոծությունն իրականացրե են ոչ թե Սիրիայի կառավարական զորքերը, այլ՝թուրք-սիրիական սահմանին մարտեր մղող սիրիացի ապստամբները, որոնց տվյալ զենքը հատկացրել է հենց Թուրքիան:
Դրանից հետո գրանցվեցին նմանատիպ ևս մի քանի միջադեպեր, որոնք էլ հանգեցրին նրան, որ ՆԱՏՕ-ն ընդառաջ գնաց Թուրքիային՝ Սիրիայի հետ նրա սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս