«Իսկ Հանրապետությունը կառավարելու համար «փսիխո» պահանջո՞ւմ են». գյուղացու հարցը զվարճացրեց Հրանտ Բագրատյանին (տեսանյութ)
Այսօր իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այցելեց իր հայրենի գյուղ` Արագյուղ (Կոտայքի մարզ), որտեղ նրան դիմավորեց իր համագյուղացիների հոծ բազմությունը:
Հրանտ Բագրատյանը ելույթ ունեցավ Արագյուղի ակումբի առջև, որտեղ կարծիք հայտնեց, որ եթե հանրապետությունում վախի մթնոլորտը վերանա, ապա իշխանության մրցունակությունն ընտրություններում չափազանց ցածր կլինի:
«Ես երեխա չեմ, հասկանում եմ, որ եթե վտանգ լինի, ապա իրենք ճնշումը կմեծացնեն»,- ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավարը: Սակայն Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ եկել է ներկայացնելու իր ծրագիրը: Նա նշեց, որ այն երկիրը, որն ինքն է պատկերացնում, որևէ կապ չունի այն Հայաստանի հետ, որը պատկերացնում են մյուս թեկնածուները և, մասնավորապես, գործող նախագահը:
«Ի՞նչ երկիր են իրենք կառուցելու. մի 10-15 հոգու ձեռքում գտնվում է ամբողջ հարստությունը, և հենց այդպես էլ պատկերացնում են երկիրը, որ այդ 15 հոգին կառուցեն գործարաններ, ստեղծեն աշխատատեղեր, մենք էլ էթանք իրենց մոտ աշխատենք: Արդեն դրվածքը սխալ է: Իսկ ինչո՞ւ մենք չաշխատենք, ինչո՞ւ չցրենք այդ ամենը, ինչո՞ւ հարկային, ֆինանսական, ադմինիստրատիվ կառավարման համակարգը թույլ չտա, որպեսզի մարդիկ ինչ-որ բան ստեղծեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Այս համատեքստում նա կրկին նշեց գյուղում իր կողմից բարեփոխումների իրականացման ծրագրի մասին` ստեղծելու գյուղական կոոպերացիա, այսինքն՝ ստեղծել մի քանի արտադրություններ, որտեղ բոլոր գյուղացիները կլինեն փայատեր:
Իսկ գյուղացիները տարբեր հարցեր էին ուղղում նախկին վարչապետին ամենատարբեր թեմաներով: Օրինակ` արագյուղացիներից մեկը հետաքրքրվեց, թե քանի տարում Հայաստանը կարելի է դարձնել Սինգապուրի պես զարգացած երկիր, ինչին ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «ամենաշատը` 20 տարում»: Հարց հնչեց նաև Սյունիքի արոտավայրերը մարզպետի կողմից իրանցի անասնապահներին վարձով հանձնելու մասին խոսակցությունների վերաբերյալ: Այս մասին էլ Հրանտ Բագրատյանն ասաց. «Օրինակ, էս Սյունիքի սկանդալի պատճառով մարզպետը վաղուց պետք է դուրս եկած լիներ, ինչի՞ մասին է խոսքը»:
Սակայն ավելի օրիգինալ էր մեկ այլ արագյուղացու հարցը, որն ինքը` հարցի հեղինակը, անվանեց «լիցքաթափող»: Գյուղացին հիշեցրեց, որ, օրինակ, վարորդներին վարորդական իրավունք տալու համար պահանջում են տեղեկանք հոգեբուժարանից, այսինքն, այսպես, ասած, «փսիխո»: «Իսկ Հանրապետությունը կառավարելու համար «փսիխո» պահանջո՞ւմ են»,- հարցրեց նա: Հարցը բավական զվարճացրեց և՛ գյուղացիներին, և՛ Բագրատյանին, ով ծիծաղելով, այնուամենայնիվ, պատասխանեց. «Չկա, հես ա, կարող ենք թվարկել թղթերը, մեջը «փսիխո» չկա»:
Վերջում Հրանտ Բագրատյանը հորդորեց մասնակցել ընտրություններին` նշելով, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է:
«Հաշվեք, որ այդ ձայնն այսօր որոշում է Հայաստանի բախտը: Էս իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը չունի օժանդակություն… Ես ձեզ շատ եմ խնդրում, ամեն մեկդ քվեարկելուց մտածեք, որ ամեն ինչ կախված է ձեր ձայնից: Ում ուզում եք` քվեարկեք, ես եկել եմ ձեզ համոզելու, որ ինձ քվեարկեք, բայց, ի վերջո, դուք կարող եք ուրիշին էլ քվեարկել, ձեր գործն է: Բայց այդ պահին մտածեք, որ սա կարևոր է, ոչ թե մտածեք` դե լավ է, ասել են, խնդրել են, անեմ-պրծնեմ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում