«Սերժ Սարգսյանն իմ ուղղությամբ շատ անհիմն, ջղային և ոչ ճշգրիտ ձևակերպումներ է թույլ տվել»

168.am-ի հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Ձեր մայրը միշտ երազել է, որ Դուք դառնաք ՀՀ նախագահ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Մայրս` Վարդիթերը, իր ծնողների` իմ պապիկի, տատիկի`  Հովակիմի և Խնկենի դուստրը, երազել է, որ Հայաստանը մեր կյանքի օրերին լինի ազատ, անկախ, իրավական  երկիր: Այդ բոլոր ածականները չեն վերաբերում Հայաստանին, բայց այնպես պետք է անենք, որ այդ ակնկալիքներն արդարանան»: Նրա խոսքով` մայրն իրեն կրթել է ոչ թե պաշտոն ստանձնելու, այլ  լավ քաղաքացի լինելու և Հայաստան վերադառնալու համար: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը, և հատկապես նախընտրական մի քանի  հանդիպումներին թույլ տրված «սայթաքումները», Ր. Հովհաննիսյանը պատասխանել է. «Կարծում եմ` ով մասնակցում է այս ընտրություններին, տանը չի նստում, խավարը չի անիծում, պայքարում է, սայթաքում է, քննադատում է, ինքն արժանի է հարգանքի: Հեշտ վիճակ չէ: Եվ, թեև ես չեմ ընդունում որոշ անհիմն ձևակերպումներ, որ պարոն Սարգսյանն ուղղել է իմ  ուղղությամբ` շատ անհիմն, ջղային և ոչ ճշգրիտ, ես ասել եմ այդ մասին: Բայց ընդհանուր առմամբ, սա բանավեճ է, պայքար է` որպես հետխորհրդային  ուղղահայացի ներկայացուցիչ, մի Հայաստանում, որը 20 տարի չի ունեցել ազատ, արդար ընտրություններ, պարզ է, որ առավելությունն իր կողմն է, գիտեք` ռեսուրսն ի՞նչ է նշանակում, բայց հիմա արդեն կարծում եմ` ակնհայտ է բոլորին, նաև նրան, որ առավելությունը ժողովրդի կողմն է»:

Տեսանյութեր

Լրահոս