Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև երկրորդ հանդիպումը պլանավորված է մարտի 1-ին:
Սակայն այս անգամ այն կայանալու է ոչ թե Ժնևում, այլ՝ եվրոպական մեկ այլ քաղաքում: Աբաշիձեի խոսքերով՝ վրացական կողմը չպետք է թույլ տա Ժնևյան բանակցությունների ձևաչափի թուլացում, որոնք անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար:
Աբաշիձեն հայտարարել է, որ պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել Ժնևյան բանակցությունների ձևաչափը:
Հիշեցնենք, որ Աբաշիձեի ու Կարասինի առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևի արվարձանում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին շարունակել տվյալ ձևաչափով իրենց հանդիպումները: