Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցումը մեկնարկելու է 2014 թվականի սկզբին
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցումը մեկնարկելու է 2014 թվականի սկզբին: Այս մասին հայտարարել է Akkuyu NGS ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սուպերֆինը:
Վերջինիս խոսքերով՝ ընթացիկ տարվա մայիսին կավարտվի շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության մասին հաշվետվության պատրաստումը. «Ակնկալվում է, որ Աքքույուի ատոմակայանն էլեկտրաէներգիա է սկսելու արտադրել 2020 թվականից: Առաջին փուլում ատոմակայանի էներգետիկ հզորությունը կազմելու է 4800 մեգավատ:
Նախագիծն ընդհանուր առմամբ գնահատվում է 20 միլիարդ դոլար, որից թուրքական մասնաբաժինը կազմում է 7.5 միլիարդ դոլարը: Նախագծում արդեն իսկ ներդրվել է ավելի քան մեկ միլիարդ դոլար, իսկ առաջիկա ամիսներին ներդրումների ծավալը կհասցվի մինչև 2.4 միլիարդ դոլար»:
Աքքույուի ատոմակայանի կառուցման համաձայնագիրը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է 2010 թվականի մայիսին: Ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ: Նախատեսվում է, որ ատոմակայանի էներգաբլոկները շարք են մտնելու մեկ տարի հաջորդականությամբ:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորել է կառուցել երեք ատոմակայան: Երկրորդ ատոմակայանը կառուցվելու է սևծովյան Սինոպում: Այս ատոմակայանը կառուցողի անունը դեռ հայտնի չէ: Դրա համար պայքարում են Չինաստանը, Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան: Ենթադրվում է, որ երրորդ ատոմակայանն էլ կառուցվելու է Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Իղնեադա վայրում` Բուլղարիայի սահմանից ոչ հեռու:
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ թուրքական ատոմակայաններն էլեկտրաէներգիա են արտադրելու մինչև 2019 թվականը, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակ) Թուրքիան մտադիր է կառուցել ևս մեկ ատոմակայան: