ВТБ բանկը 22 միլիոն դոլարի հայցեր է ներկայացրել Armavia-ի և Mika Limited-ի դեմ. Известия
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ВТБ բանկը դատական հայցեր է ներկայացրել հայ ձեռնարկատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող Armavia և Mika Limited (գրանցված է Ջերսի կղզում, որը մտնում է Նորմանդական կղզիների մեջ և գտնվում է Լա Մանշ նեղուցում) ընկերությունների դեմ՝ պահանջելով 22 միլիոն դոլար: Պետբանկը փորձում է վերադարձնել այն գումարները, որոնք նա հատկացրել է Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի գնման նպատակով Armavia-ի վերցրած վարկի վերաֆինանսավորմանը:
Այս հայցերի մասին թերթին իրազեկել է պետբանկին մոտ կանգնած աղբյուրը, ըստ որի՝ Armavia-ի դեմ հայցը (10 միլիոն դոլար) ներկայացվել է Հայաստանի պետական արբիտրաժ, իսկ Mika Limited-ի դեմ հայցը (12 միլիոն դոլար)՝ Ջերսի կղզու Թագավորական դատարան:
Աղբյուրի պնդմամբ՝ 2010-2011 թվականներին ВТБ-ի հայկական մասնաճյուղը Armavia-ին հատկացրել է ավելի քան 7 միլիոն դոլարի վարկ՝ ավիաընկերությանը հայկական «Արդշինինվեստբանկի» տրամադրած վարկի վերաֆինանսավորման համար: Armavia-ն այդ գումարը ծախսել է Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի գնման վրա (որը գնահատվում է մոտ 30 միլիոն դոլար): Armavia-ն առաջին SSJ-100-ը գնել է 2011 թվականի գարնանը:
Աղբյուրի խոսքերով՝ Armavia-ն դարձավ SSJ-100-ի մեկնարկային պատվիրատուն, ինչում վերջին դերը չի խաղացել անձնական գործոնը, քանի որ Միավորված ավիաշինարարական կորպորացիայի պետական հոլդինգի (որի մեջ է մտնում նաև «Սուխոյ» ընկերությունը) ղեկավարը հայկական արմատներ ունեցող Միխայիլ Պողոսյանն է:
Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի նախարարության աղբյուրի խոսքերով՝ ինքնաթիռների վաճառքի հարցում անհրաժեշտ էր գտնել ավելի վճարունակ գնորդի: Armavia-ն նախորդ տարի հրաժարվել է Superjet-ի գնումից և արտադրողին է հետ վերադարձրել իր մոտ գտնվող օրինակը:
Նախորդ տարվա աշնանը Բաղդասարովը հայտարարեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով մտադիր է վաճառել Armavia-ն: Մասնավորապես, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը պարտքերի պատճառով քանիցս դադարեցրել է Armavia-ի թռիչքները:
Բացի այս, 2010 թվականին ВТБ-ի երևանյան մասնաճյուղը 8 միլիոն դոլարի փոխառություն է տրամադրել Mika Limited-ին, և այդ հարցում երաշխավորի դերում է հանդես եկել Armavia-ն: Գումարը պետք է վերադարձվեր 2012 թվականին, սակայն դա չարեց ո՛չ Armavia-ն, ո՛չ էլ Mika Limited-ը: Նախորդ տարեվերջին պարտքերի պահանջման իրավունքը հայկականից փոխանցվեց ռուսական ВТБ-ին:
2013 թվականի հունվարի 18-ի դրությամբ Mika Limited-ը ВТБ-ին պարտք է 12 միլիոն դոլար՝ հաշվի առնելով տոկոսադրույքն ու տույժերը, իսկ Armavia-ի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 10 միլիոն դոլար: Կողմերի միջև անցկացված բանակցություններն անարդյունավետ են եղել: Իրավաբանները կարծում են, որ ռուսական բանկը վատ հնարավորություններ չունի՝ շահելու համար Armavia-ի հետ վեճը: Եթե Armavia-ն ճանաչվի սնանկ, ապա ռուսական ընկերությունը նրանից կստանա պարտքերի ոչ թե 100 տոկոսը, այլ՝ 1/5-ը: