
Հյուսիսային Կորեան իր հրթիռային զորավարժարանն արդիականացնում է իրանցի մասնագետների օգնությամբ

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի արևելքում գտնվող հրթիռային գլխավոր զորավարժարաններից մեկը, որում իրականացվում են հեռահար գործունեության ծանր հրթիռների փորձնական թռիչքներ, արդիականացվում է իրանցի մասնագետների օգնությամբ:
Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ջոն Հոփկինսի համալսարանին կից Հեռանկարաային հետազոտությունների դպրոցի ամերիկա-կորեական ինստիտուտը: Վերջինիս փորձագետները հետազոտել են վերջին կես տարվա ընթացքում կոմերցիոն արբանյակներից կատարված զորավարժարանի լուսանկարները և ընդգծել, որ Տոնխե զորավարժարանի արդիականացումը մեկնարկել է դեռ նախորդ տարի և հասել է «կարևոր առաջընթացի»:
Ամերիկացի փորձագետները եզրակացրել են, որ մեկնարկային նոր համալիրի շուրջ իրականացվող շինարարական աշխատանքների բնույթը վկայում է այն մասին, որ հնարավոր է՝ Փխենյանն իր հրթիռային ծրագրի իրականացման ժամանակ Իրանից օգնություն է ստանում:
Փորձագետների խոսքերով՝ այդ մասին են վկայում զորավարաժությունների մի շարք կառույցների կառուցվածքը և մասնավորապես վառելիքային ամբարները, որոնք ունեն նույնպիսի տեսք, ինչպիսին որ կառուցվել են Իրանում: Փորձագետները չեն բացառում, որ Հյուսիսային Կորեայում պատրաստվում են հեղուկ վառելիքով հրթիռի փորձնական թռիչքին:
Հիշեցնենք, որ արևմտյան աղբյուրները հայտնել են, թե Իրանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է վճարել Փխենյանին, որպեսզի վերջինս իր մասնագետներին թույլ տա ներկա գտնվել Հյուսիսային Կորեայում իրականացվող միջուկային մշակումներին: