
Սիրիական հակամարտությունը սրվում է՝ առանց քաղաքական կարգավորման հեռանկարի. Պան Գի Մուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը:
Հանդիպման ժամանակ Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի ներքին զինված հակամարտությունը շարունակում է սրվել՝ առանց քաղաքական կարգավորման տեսանելի հեռանկարների: Մունի գնահատմամբ՝ Սիրիայում իրավիճակը գնալով դառնում է ավելի աղետալի և ներկա դրությամբ այդ երկրում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով արդեն իսկ զոհվել է գրեթե 70.000 մարդ:
Դրա հետ մեկտեղ Մունը հայտարարել է, որ իրենք աջակցում են սիրիական իշխանությունների հետ երկխոսելու վերաբերյալ սիրիական ընդդիմության նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ անկարելի է բաց թողնել այդ հնարավորությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Մերձավոր Արեևելք այցելելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ջոն Քերրիի պլանները: