Իրանը միլիոնավոր դոլարներ է վճարել Փխենյանին՝ նրա ստորգետնյա միջուկային փորձարկումներին հետևելու համար. մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով ճապոնական «Կիոդո» գործակալությունը, հայտնում է, որ իրանցի գիտնականները հնարավոր է՝ ներկա գտնված լինեն Հյուսիսային Կորեայում իրականացված միջուկային փորձարկումներին, ինչի համար իրանցիները կորեական կողմին վճարել են միլիոնավոր դոլարներ:

Այս մասին ճապոնական գործակալությանը հայտնել է արևմտյան դիվանագիտական աղբյուրը: Խոսքը գնում է Վաշինգտոնում Արևմուտքի աղբյուրի մասին, որը վստահեցնում է, որ Իրանը դեռ նախորդ տարվա նոյեմբերին դիմել է Հյուսիսային Կորեային՝ խնդրելով թույլատրել իր մասնագետներին հետևել ստորգետնյա միջուկային փորձարկումների անցկացմանը:

Աղբյուրի պնդմամբ՝ դրա համար Իրանը մի քանի տասնյակ միլիոն դոլար է վճարել Փխենյանին՝ չինական յուանի տեսքով: Ճապոնական գործակալությունն ընդգծում է, որ եթե պաշտոնական մակարդակով հաստատվի Հյուսիային Կորեայում իրականացված միջուկային փորձարկումներին իրանցի գիտնականների ներկայության փաստը, ապա կհաստատվի արևմտյան մի շարք երկրների այն կասկածները, որ Թեհրանը զբաղված է միջուկային զենքի մշակմամբ:

Հայտնի է, որ ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, Իրանը մշտապես հերքել է իր միջուկային ծրագրի ռազմական ուղղվածություն ունենալը:

Տեսանյութեր

Լրահոս