
ԱՄՆ պետդեպարտամենտը դեռ չի կողմնորոշվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հարցում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը դեռ չի կողմնորոշվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի թեկնածության հարցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս պետքարտուղարը դիտարկում է տվյալ պաշտոնում մի շարք թեկնածություններ, ինչից հետո կխորհրդակցի Սպիտակ տան հետ և կընտրի նոր ներկայացուցիչ: Նուլանդը, սակայն, չի հայտնել, թե կոնկրետ ովքեր են այդ պաշտոնը զբաղեցնելու թեկնածուները:
Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի գործառույթները ժամանակավորապես իրականացնում է Յան Քելին: