«Այլ պետությունների օրինակով Անդրիաս Ղուկասյանի քայլը տեղավորվում է «դավադրություն» սահմանման մեջ». միջազգային իրավունքի մասնագետ

«Անդրիաս Ղուկասյանի ոչ կոնկրետ պահանջները, կարծում եմ, հիմք են տալիս մտածելու, որ դրանք քողարկման նպատակ են հետապնդում: Խոսքս անհաղթահարելի խոչընդոտ ստեղծելու մասին է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Arni Consult» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով այսօր արդեն 25-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է:

Մեր այն հարցին, թե Անդրիաս Ղուկասյանի՝ հացադուլին դիմելու քայլը կարո՞ղ է դառնալ ընտրությունները հետաձգելու պատճառ, այն դեպքում, երբ թեկնածուն ի սկզբանե գիտակցում էր, որ հացադուլից որոշ ժամանակ հետո, բնականաբար,  ինքնազգացողության վատթարացում տեղի կունենա, որ կարող է խոչընդոտել ընտրական գործընթացը, Արա Ղազարյանը պատասխանեց.  «Անհաղթահարելի խոչընդոտը, որպես կանոն, արհեստածին չի լինում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ե՞րբ և ո՞ր պահին ի հայտ կգա անհաղթահարելի ուժը: Բայց եթե անհաղթահարելի ուժ, խոչընդոտ է ստեղծվում միտումնավոր կամ կանխամտածված, ապա դա կարելի է  դիտարկել որպես դավադրություն՝ ընդդեմ պետության, ընտրությունների, ժողովրդի: Եթե տվյալ անձը նույնիսկ մոտավորապես գիտի, թե ե՞րբ ինքն իր քայլով կառաջացնի անհաղթահարելի խոչընդոտ, ապա սա միանշանակ դավադրություն է»:

Իրավաբանը փաստեց, որ հայաստանյան իրավաբանության մեջ, սակայն, վերոնշյալ  անալոգիաներն ամրագրված չեն, չնայած, այլ պետությունների օրինակով՝ Անդրիաս Ղուկասյանի քայլն, այնուամենայնիվ, տեղավորվում է «դավադրություն» սահմանման մեջ: «Ամերիկյան կոնցեպցիայով, երբ հանցագործությունն ավարտված չէ, բայց եթե անձը պլանավորել է իր քայլերը, որոնք տանում են դեպի այդ հանցագործություն, դա համարվում է որպես ավարտված հանցագործություն: Մենք չունենք այս կոնցեպցիան, բայց ունենալու դեպքում կարող էինք վստահ ասել, որ տվյալ թեկնածուի դեպքում միտումնավոր ստեղծվում է  անհաղթահարելի ուժի հիմք կամ դրա նախապատրաստում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Անդրիաս Ղուկասյանի՝ հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը, ըստ Արա Ղազարյանի՝  պետք է սահմանվի որպես արհեստածին անհաղթահարելի խոչընդոտ և ընտրությունների հետաձգման պատճառ չդառնա. «Հակառակ դեպքում յուրաքաչյուրն էլ կարող է ընտրություններից 20 օր առաջ հացադուլ հայտարարել, ասել, որ 20 օր հետո իր առողջական վիճակը կվատանա, և դառնալ ընտրությունների հետաձգման պատճառ»:

Ըստ մասնագետի՝ այն իրավակարգը, որը մենք ունենք, Ա. Ղուկասյանի ինքնազգացողության վատացման դեպքում՝ ստիպված պետք է կիրառի սահմանադրական նորմը, որովհետև թեկնածուն ինքն իր համար անհաղթահարելի խոչընդոտ է ստեղծում, որի արդյունքում ֆիզիկապես չի կարող մասնակցել ընտրություններին և ընտրապայքարին:

Իրավաբանը նշեց նաև, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը միայն Սահմանադրական դատարանը (ՍԴ) կարող է անհաղթահարելի խոչընդոտ չհամարել, իհարկե, եթե ստանա տվյալ դեպքը քննելու դիմում: «ՍԴ-ն պետք է ինչ-որ մեկնաբանություն տա հարցի առնչությամբ, թե ի՞նչ է «անհաղթահարելի խոչընդոտն» ընտրական իրավունքի, թեկնածուների պարագաներում: Անդրիաս Ղուկասյանի պարագայում մեզ իսկապես անհրաժեշտ է ՍԴ-ի մեկնաբանությունը, որպեսզի տարանջատենք «անհաղթահարելի խոչընդոտ» և «արհեստածին անհաղթահարելի խոչընդոտ» հասկացությունները: ՍԴ-ն մեկնաբանություն կարող է տալ միայն օմբուդսմենի դիմումի հիման վրա, ինչը մինչև այս պահը չի արվել, քանի որ ՍԴ-ն իր նախաձեռնությամբ իրավունք չունի մեկնաբանել կոնկրետ օրինակները կամ դեպքերը»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Տեսանյութեր

Լրահոս