Դատապարտյալ Բախտիարյանը հափշտակություն է կատարել հեռախոսի միջոցով

Դատապարտյալ Արթուր Բախտիարյանը դատապարտվել է պատիժը կրելու ընթացքում «Կոշ» քրեակատարողական հիմնարկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար։

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փետրվարի 7-ի դատավճռով դատապարտյալ Բախտիարյանը դատապարտվել է ևս 6 տարվա ազատազրկման։

ՀՀ դատախազության ինտերնետային էջի համաձայն, Ա. Բախտիարյանը, կողոպուտի համար դատապարտված լինելով ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում։ Այդ ընթացքում իր կողմից ապօրինի օգտագործվող բջջային հեռախոսով ծանոթացել է Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի հետ: Այնուհետև նա բջջային հեռախոսով մուտք է գործել համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական կայք, ստեղծել «Հարութ Առաքելյան» անվամբ անհատական էջը և ներկայացել որպես «Գորիս» քրեակատարողական հիմնարկի «Նյուվադի» տեղամասի դատապարտյալ:

Կայք-էջի և հեռախոսազրույցների միջոցով Ն.Մ.-ի հետ շփման ընթացքում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ դատապարտյալը նրանից, ըստ դատավճռի, հափշտակել է 327 000 դրամ գումար:

Մասնավորապես` դատապարտյալը ներկայացել է «Հարութ Առաքելյան» կեղծանվամբ, Ն. Մ.-ի հետ ստեղծել է կեղծ մտերմիկ հարաբերություններ և, չարաշահելով նրա վստահությունը, մեկուսարան չտեղափոխվելու պատճառաբանությամբ խնդրել է, որ իրեն 20 000 դրամի չափով բջջային հեռախոսի գումար ուղարկի: Վերջինս, գնելով 1000 դրամ արժողությամբ 20 հատ լիցքավորման քարտ, դրանց տվյալները «odnoklassniki.ru» կայքի` իր անհատական էջով հաղորդագրության միջոցով ուղարկել է Ա. Բախտիարյանին:

Պարզվել է նաև, որ Ա. Բախտիարյանը քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, գումարը վերադարձնելու պայմանով Ն. Մ.-ից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար` խոստանալով, որ կվերադարձնի քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո: Նշված գումարից Ա. Բախտիարյանին է փոխանցվել մի մասը` 170 000 դրամը: Ապա պահանջել է նաև, որ Ն. Մ.-ն իր կողմից նշված հեռախոսահամարների հաշվին փոխանցի 137 000 դրամ գումար: Իր մտադրությունն իրագործելուց հետո Ա. Բախտիարյանը կայքի` իր անհատական էջից հանել է Ն. Մ.-ի տվյալները և անջատել հեռախոսահամարները:

Նկատի ունենալով, որ Ա. Բախտիարյանը նախկինում երեք անգամից ոչ պակաս դատապարտվել է ազատազրկման, ուստի` ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նրա համար առաջանում է հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` համարվում է քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերության համաձայն` հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել մեղսագրվող հոդվածի, այն է ` ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի առավելագույն պատժի` 2 տարի ազատազրկման երեք քառորդից:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. փետրվարի 7-ի դատավճռով Ա. Բախտիարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` նոր նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 19.10.2011թ. դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 2 տարի ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում` երեք տարի 6 ամիս ժամկետով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս