
Երևանի Կենդանաբանական այգում այսօր ստուգումներ չանցկացվեցին

168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին խիստ նկատողություն հայտնելուց հետո քաղաքապետարանը ստուգումներ պետք է իրականացներ այգում, և այսօր նախատեսվում էր Վերահսկողության վարչության այցը Կենդանաբանական այգի:
Մենք այսօր այցելել էինք այգի՝ տեղում տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում։ Այգում մեզ դիմավորեց Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանը: Վերջինս նշեց, որ բանավոր չի կարող պատասխանել ոչ մի հարցի, չի կարող նաև ասել`արդյո՞ք քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն ստուգումներ անցկացրել են, թե՞ ոչ: Ըստ այգու մամուլի պատասխանատուի`տեղեկությունները կարղ են տրվել գրավոր հարցման դեպքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ նկատողություն էր հայտարարել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով: 168.am-ը բազմիցս անդրադարձել է կենդանիների անկման դեպքերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես՝ այգում կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ՝ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել պատժամիջոցներ: