Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ կանենք, որ Բորուսիայի դեմ խաղանք այնպես, ինչպես ցանկանում է գլխավոր մարզիչը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Շախտյոր» – «Բորուսիա» առաջին հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի և «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
-Հենրիխ, 2 միջազգային հավաք եք անցկացրել և նախապատրաստվել եք Դոնեցկում: Ինչպե՞ս ես գնահատում թիմի պատրաստվածությունը Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ:
-Կարող եմ ասել, որ մենք շատ լուրջ ենք վերաբերվել այդ հավաքներից յուրաքանչյուրին: Ամեն ինչ կանենք, որ այդ հանդիպմանը ներկայանանք մարտական կազմով, և խաղանք այնպես, ինչպես ցանկանում է գլխավոր մարզիչը:
-Խմբային փուլում «Բորուսիայի» հանդիպումներից ո՞րն է ամենահիշարժանը:
-Բարդ է առանձնացնելը: Նրանք լավ էին խաղում և «Ռեալի», և «Մանչեսթեր Սիթիի», և «Այաքսի» հետ: Նրանք շատ բարդ խմբում էին, ինչպես և մենք: Դորտմունդցիների ցուցադրած խաղն այդ ակումբների դեմ ապացուցում է, որ նրանց թիմում բարձր մակարդակի վրա է խաղային կարգապահությունը, ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված և թիմային խաղ են ցուցադրում:
-Կարելի՞ է առավելություն համարել այն հանգամանքը, որ ձմեռային հանգստից հետո «Բորուսիան» արդեն հասցրել է մի քանի հանդիպում անցկացնել ներքին առաջնությունում:
-Այո, նրանք առաջնությունում խաղացել են, իսկ մենք ընդամենը ստուգողական հանդիպումներ ենք անցկացրել, բայց կարծում եմ տարբերությունը մեծ չէ:
-Փետրվար ամիսն է, բայց եղանակն այնքան էլ ձմեռային չէ: Ո՞ւմ է դա ավելի շատ ձեռնտու:
-Առջևում ևս մեկ օր կա, եղանակը կարող է փոխվել (ժպտում է): Մեր կազմում շատ են բրազիլացիները, բայց նրանցից ոչ մեկի համար էլ այս ձմեռն առաջինը չէ Ուկրաինայում, այնպես որ բոլորը սովոր են և բոլորը պատրաստ կլինեն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը