BBC-ն Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կին է ճանաչել Էլիզաբեթ 2-րդին
BBC-ի «Կանանց ժամը» հաղորդման պատվերով փորձագետները կազմել են Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ցանկը, որը գլխավորել է թագուհի Էլիզաբեթ 2-րդը: Ընդհանուր առմամբ, այդ ցանկում ընդգրկվել է 100 կին, որոնք ներկայացնում են թագավորության քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտները:
Լրագրողուհի, ժյուրիի անդամ Իվ Փոլարդը մանրամասնել է, որ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն ունի այնպիսի դիրք, որը նրանց օժտում է քաղաքական ուղղվածություն ընտրելու, անձնակազմ ղեկավարելու և ազդեցություն ունենալու լիազորոթյուններով: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Միացյալ թագավորության ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, իսկ երրորդ տեղում է հայտնվել Իսպանիային խոշորագույն բանկերից Santander UK-ի բրիտանական մասնաճյուղի ղեկավա Անա Բոտինը:
Չորրորդ տեղում Գերագույն դատարանի դատավոր, բարոնուհի Բրենդա Հեյլն է, իսկ 5-րդ տեղում Shine Group ընկերության ղեկավար Էլիզաբեթ Մերդոկը: Հատկանշական է, որ Հարրի Փոթերի գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը 13-րդն է: BBC-ի տվյալներով՝ կանայք Միացյալ թագավորությունում զբաղեցնում են 11 հիմնական ոլորտների առանցքային պաշտոնների 30.9 տոկոսը: Կանայք ամենաքիչ առանցքային պաշտոններում ներկայացված են ռազմական (1.3 տոկոս) և դատական (13.2 տոկոս) ոլորտներում, իսկ ամենաշատը՝ կրթական ոլորտում՝ 36.7 տոկոս: