ՄԻՊ-ը վիճարկում է ՀՀ կառավարության որոշման սահմանադրականությունը
Փետրվարի 22-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հերթական գործը: Այս անգամ Կարեն Անդրեասյանը վիճարկում է ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշման սահմանադրականությունը:
Վիճարկվող` «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012/2013 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» որոշմամբ, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր, ինչպես և նախորդ երկու տարիներին, նախատեսված չեն:
Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Նրա հիմնավորմամբ, բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար պետք է սահմանի պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տասը տոկոսի սահմաններում:
Այս խնդրի կապակցությամբ ՄԻՊ-ի գրությանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում։ Կ.Անդրեասյանը, նշված սահմանափակումը դիտարկելով որպես օրենքի կոնկրետ պահանջի խախտում, դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը։
ՄԻՊ-ի դիմումի հիման վրա գործի դատաքննությունը պետք է կայանար փետրվարի 12-ին` գրավոր ընթացակարգով, սակայն ՍԴ-ի փետրվարի 6-ի աշխատակարգային որոշմամբ նախկինում նշանակված օրը փոխադրվել է` «գործով լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև գործի հանգամանքների համակողմանի քննության կազմակերպման նպատակով»: Բացի այդ, ՍԴ-ն որոշել է գործի դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով, և գործով ՍԴ նիստին հրավիրել Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանին` գործով որոշ պարզաբանումներ տալու նպատակով:
Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, որպես պատասխանող կողմ ներգրավված է որոշումն ընդունած ՀՀ կառավարությունը: