Հռոմի պապի թեկնածուների թվում ամենամեծ հնարավորություններն ունեն սևամորթ կարդինալները. բուքմեյքերներ
Gzt.ru-ի փոխանցմամբ՝ Նիգերիան ներկայացնող սևամորթ կարդինալ Ֆրենսիս Արինզեն համարվում է ամենահավանական թեկնածուներից մեկը, ով կարող է դառնալ հաջորդ Հռոմի պապ՝ փոխարինելով Բենեդիկտոս XVI-ին: Բումեյքերները բավական բարձր են գնահատում նրա հնարավորությունները:
Մասնավորապես, իռլանդական Paddy Power բուքմեյքերական գրասենյակը Արինզեի հնարավորությունները գնահատում է 5/1-ի: Նշվում է, որ Արինզեն հանդիսացել է հանգուցյալ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի մերձակա խորհրդականներից մեկը:
Բուքմեյքերների գնահատմամբ՝ երկրորդ հավանական թեկնածուն նույնպես սևամորթ կարդինալ է: Խոսքը Գանան ներկայացնող Փիթեր Թերքսոնի մասին է, որի հնարավորությունները գնահատվում են 6/1-ի: Թերքսոնն անձամբ չի թաքցնում իր պապական հավակնությունները՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում (աֆրոամերիկացի) Բարաք Օբամայի ընտրվելուց հետո որևէ խոչընդոտ չի տեսնում, որ սևամորթը դառնա Հռոմի պապ:
Բուքմեյքերները միայն երրորդ տեղում են դասում իտալացի թեկնածուին՝ Վենետիկի պատրիարք Անջելո Սկոլային (7/1): Ըստ բուքմեյքերների՝ նույնպիսի հնարավորություններ ունի Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպան ներկայացնող արքեպիսկոպոս Օսկար Ռոդրիգես Մարադիագին:
Հիշեցնենք, որ Բենեդիկտոս XVI-ը զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տալու փետրվարի 28-ին: