Վթարի ենթարկված BMW X6-ի վարորդը ԵՊՀ-ի ուսանող է (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 10-ին՝ ժամը 5:30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի Կորյունի փողոց ընկած հատվածում Երևան ք.-ի Աբովյան 26 շենքի բնակիչ 20-ամյա Էդգար Մանուկյանը, վարելով BMW X6 մակնիշի՝ 07 ND 777 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի մոտ կայանված «Ֆորդ Բոյար» տաքսի ծառայությանը պատկանող ՎԱԶ 21-07 մակնիշի՝ Տ 3873 համարանիշի ավտոմեքենային:
Տաքսիին բախվելուց հետո BMW X6-ը հարվածել էր էլեկտրասյանը: Իսկ ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենան մոտ 40 մ շպրտվել էր կայանված տեղից և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով BMW X6-ի վարորդ Է. Մանուկյանն ու նրա ուղևորներ 18-ամյա Լիլիթ Ղազարյանը և 19-ամյա Լիաննա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. Էդգարն ու Լիլիթը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Լիաննան՝ Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Է. Մանուկյանը սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսում: