Որքա՞ն էր Վահե Ավետյանի փրկվելու հավանականությունը

Վահե Ավետյանին պատճառված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի չեն եղել: Այս մասին այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց դատական փորձագետ Գևորգ Գաֆարյանը: Վերջինս «Հարսնաքարի» գործով վկա է: Նիստի ընթացքում փորձագետը բացատրեց, որ կյանքի հետ անհամատեղելի է համարվում այն վնասվածքը, որը, ստանալուց անմիջապես հետո, առաջ է բերում կենսաբանական մահ: Վահե Ավետյանի դեպքում այդպիսի վնասվածքներ առկա չեն եղել. «Վնասվածքները կյանքի համար վտանգավոր են եղել, բայց ոչ կյանքի հետ անհամատեղելի»:

Փորձագետի խոսքով՝  Վահե Ավետյանը ստացել է 5 վնասվածք, որոնք կապ են ունեցել մահվան պատճառի հետ, իսկ  9-ը կապ չեն ունեցել:

Փորձագետ Գևորգ Գաֆարյանը նշեց, որ հնարավոր չէ ասել, թե վնասվածքներն ինչ հաջորդականությամբ են պատճառվել Վահե  Ավետյանին. վնասվածքները ստանալուց և դիակի փորձաքննություն իրականացնելուց անցել է 12 օր:

Գործով մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ արդյոք Վահե Ավետյանը վնասվածքները ստանալուց հետո կարո՞ղ էր ինքնուրույն գործողություններ կատարել, պատասխանեց, որ դա գործնականում բացառվում է. «Չի բացառվում, որ եղել են ջղաձգություններ»: Հարցին՝ որքա՞ն էր տուժողի կյանքը փրկելու հավանականությունը, փորձագետ Գևորգ Գաֆարյանը պատասխանեց. «Այս հարցին միանշանակ հնարավոր չէ պատասխանել»:

Կարդացեք նաև

Փորձագետ Գաֆարյանն ասաց, որ ինքն իրավասու չէ գնահատել՝ Վահե Ավետյանին ցուցաբերված բուժօգնությունը պատշա՞ճ է եղել, թե՞ ոչ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս