Թբիլիսիի քաղաքապետը կանչվել է հարցաքննության. Վրաստանի ՆԳՆ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ը չի բացառել, որ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ կարող են կիրառվել հարկադիր միջոցներ, եթե նա այսօր չներկայանա հարցաքննության: Այս մասին նշված է ՆԳՆ-ի այսօր տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ ցուցմունքներ տալուց հրաժարվելը հանդիսանում է քրեական հանցանք և Վրաստանի Քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածով պատժվում է մինչև 4 տարի ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Թբիլիսիում գրանցված միջադեպի ժամանակ Ուգուլավան հազիվ էր փրկվել ցուցարարների ձեռքից: Դրանից հետո նա հայտարարել էր, որ Իվանիշվիլին «քաղբանտարկյալներին» ազատ է արձակել հանցավոր բրիգադներ ձևավորելու համար: Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Ուգուլավան փետրվարի 9-ին գործել է որպես արհեստավարժ սադրիչ: