Աբսուրդ է. «Շիկահող» պետական արգելոցի, «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերի բյուջեն միասին մոտ 83 մլն դրամ է, իսկ էկո-զուգարանների համար վճարում են 124մլն դրամ

«Չի կարելի ասել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում պահպանության աշխատանքները չտեսնված լավ վիճակում են: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ հսկա տարածքներ են, հատկապես՝ Հայաստանի նման երկրներում, որտեղ ռելիեֆը կտրտված է, և ամեն 4-5 հազար հա-ի համար 1 տեսուչը բավական քիչ է: Մենք էլ ենք մտածում, որ անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունն այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

«Հանդերձանքի խնդիր կա, հեռադիտակի խնդիր կա, ավտոմեքենաների խնդիր կա, վառելիքի խնդիր կա, այդպես հեշտ չի: Դուք պատկերացնո՞ւմ եք 24 ժամ հսկողություն սահմանել 23 հազար հա-ի վրա (այդքան տարածք է զբաղեցնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը,- Օ.Հ.)»,- ասաց Արամ Աղասյանը:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ Սյունիքի մարզում, օրինակ, աշխատում է 3-4 տեսուչ. «Այդ տեսուչները որտե՞ղ վազեն, գնան, տեսնեն: Պետք է հզորացնել տեսչությունները. դրանք շատ թույլ են թե՛ մարդկային ռեսուրսներով, թե՛ տեխնիկապես»: Կարեն Մանվելյանի խոսքով`Հայաստանի որոշ հատուկ պահպանվող տարածքների վիճակն այնքան էլ վատ չէ, որքան ներկայացվում է. «Իհարկե, պահպանվող տարածքները խոցելի են իրենց ծայրամասային հատվածներում, որտեղ բնակչությունը կարող է թակարդներ դնել: Ես համաձայն չեմ այն կարծիքների հետ, որ «Խոսրովի արգելոցը», օրինակ, շատ վատ վիճակում է»:
Անդրադառնալով կառավարության կողմից 124 մլն դրամ էկո-զուգարաններին հատկացնելու փաստին՝ Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը նշեց, որ դրանից ակնհայտ երևում է, որ Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի բնապահպանության ոլորտում. «Պետական քաղաքականությունն, իմ կարծիքով՝ ոչ այնքան ճիշտ է: Եթե 124 մլն դրամ ենք տալիս զուգարաններին և 10 մլն՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարեկան պահպանման համար, ուղղակի խոսքերն ավելորդ են դառնում այստեղ: «Շիկահող» պետական արգելոցի, «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերի բյուջեն՝ իրար գումարած, 83 մլն կարգի է, այսինքն՝ այդ բիո-զուգարանների գումարին չի հասնում: Սա շատ լուրջ խնդիր է»: Արման Վերմիշյանը նշեց, որ իր համար շատ տարօրինակ է, որ հատուկ պահպանվող տարածքնեորւմ տեսուչները ստանում են 50.000 դրամ աշխատավարձ, ու պետական բյուջեից այս գումարը ոչ մի կերպ չի ավելանում, բայց 124 մլն դրամ տալիս են էկո-զուգարաններին:
Արման Աղասյանը նշեց, որ բիո-զուգարանների գոյությունը շատ լավ երևույթ է, բայց առաջնահերթությունների խնդիր կա:

Տեսանյութեր

Լրահոս