
Սաակաշվիլին այսօր կարող է հանդիպել Իվանիշվիլիի հետ

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հայտարարել է, որ պատրաստ է արդեն երկուշաբթի երկխոսել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ կապված օրենսդրական փոփոխությունների հետ: Սաակաշվիլին իր այս հայտարարությունն արել է Իվանիշվիլիի այն հայտարարությունից հետո, որում նա դատապարտել էր փետրվարի 8-ին Վրաստանի Ազգային գրադարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունները և պատրաստակամություն էր հայտնել համագործակցել նախագահի հետ:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ողջունում է այն փաստը, որ վարչապետը փոխել է «Միասնական ազգային շարժմանը» ոչնչացնելու իր սովորական կոչը և իր թիմին ու խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է երկխոսել: Սաակաշվիլին հավելել է, որ Իվանիշվիլիին սպասում է այսօր ժամը 20.00-ին՝ խորհրդակցություն անցկացնելու համար Սահմանադրությանն առնչվող հարցերի շուրջ:
Սակայն պատգամավորները կարծում են, որ այդ հանդիպումը, հազիվ թե, կայանա: Նշվում է, որ այսօր սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկելու են խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին և խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: