«Մարդկա՞նց կխփեն, թե՞ ձայն. դա պարզաբանման կարիք ունի»

«Ես չեզոք եմ վերաբերվում: Ինձ համար որևէ էական նշանակություն չունի, թե ընտրությունների օրը կհետաձգվի՞, թե՞ ոչ: Սահմանադրական դատարան դիմելը իր իրավունքն էր»,- անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու որոշմանը՝ galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզում արած հայտարարությունը՝ տոկոսներ «խփելու» վերաբերյալ, ԼՂՀ նախկին արտգործնախարարն արձագանքել է. «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե դա ինչին էր վերաբերվում՝ մարդկա՞նց կխփեն, ձա՞յն կխփեն, այսինքն՝ դա երևի առանձնահատուկ պարզաբանման կարիք ունի, և այդ պարզաբանման համար էլ հենց իրեն պետք է դիմեք: Մեծ հաշվով դա իրականություն է, այսինքն՝ ճշմարտություն է ասել մարդը, այլ խնդիր է, թե նա ինչ վերաբերմունք է դրել իր խոսքերի մեջ՝ կատա՞կ է արել, թե՞ լուրջ է ասել, և հետևաբար պետք է իրեն հարցնեք, բայց ճշմարտությունն այն է, որ, այո, ինչքան ուզեն, այնքան ձայն կկարողանան գրանցել, եթե մենք մինչ այդ իրավիճակը համատեղ ուժերով չփոխենք»:

Վերջինս վստահ է, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել իրավիճակային փոփոխությունների: Արման Մելիքյանը նաև հայտնել է, որ ինքը ձայն «խփելու» կարիք միանշանակ չունի, քանի որ այն հատուկ է միայն իշխանություններին:

Տեսանյութեր

Լրահոս