Սերժ Սարգսյան. «Շանսը ո՞րն է, որ ասեմ` հարյուր, իննսուն տոկոս լավ ա՞, կամ ութսուն, լավ, չէ` վաթսուն, ինչքա՞ն կուզեք, էդքան խփենք» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը համոզված է, որ Շիրակի մարզում ինքը ընտրողների մեծ մասի վստահության քվեին է արժանանալու. «Ես Շիրակի մարզում միշտ սատարում ունեցել եմ և հուսով եմ, որ կունենամ նաեւ այս անգամ»,- ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե վստա՞հ եք, որ Շիրակի մարզում հաղթելու եք:

Իսկ մեր այն հարցին, թե ինչպիսի շանսեր ունի գործող նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածուն, քանի՞ տոկոս կհավաքի Շիրակի մարզից, Սերժ Սարգսյանը պատասխանել է այսպես. «Շանսը ո՞րն է, որ ասեմ` հարյուր, իննսուն տոկոս լավ ա՞, կամ ութսուն, լավ, չէ` վաթսուն, ինչքա՞ն կուզեք, էդքան խփենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀԿ թեկնածուն այսօր նախընտրական քարոզչության շրջանում գտնվում էր Շիրակի մարզում: Նա այցելել է Արթիկ, այնուհետև` Թորոսգյուղ, ուր այսօր  անցկացվում էր նաեւ Շիրակի ձմեռ տոնակատարությունը: Եվ քանի որ, մասնակիցների խոսքերով, այսօր ՀՀԿ թեկնածուի այցը համընկավ նաեւ Շիրակի ձմեռ միջոցառման հետ, Սերժ Սարգսյանը մասնակցեց նաև միջոցառմանը:

Շիրակի մարզի դպրոցականները տարբեր խաղեր են կազմակերպել: ՀՀԿ թեկնածուն մոտեցել է շախմատի խաղասրահներին եւ մոտ տասը րոպե շախմատ է խաղացել Շիրակի մարզի վեցամյա մի փոքրիկի հետ, հետո հայտարարել, որ փոքրիկն ուժեղ էր, եւ ինքը պարտվում է: Խաղից հետո ԳԱԼԱ-ի հարցին, թե` հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք, ՀՀԿ թեկնածուն պատասխանել է. «Ինձ նեղում էր»:

Կարդացեք նաև

ԳԱԼԱ-ի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին` ասելով, որ արդեն գործի բացահայտմանն ընթացք է տրված: Հարցին, թե ինչով է բացատրվում հասարակության պասիվությունը ընտրություններին, Սերժ Սարգսյանը չհամաձայնեց, նա, ձեռքով մատնացույց անելով Շիրակի ձմեռ տոնակատարության բոլոր մասնակիցներին, ասել է. «Սա պասի՞վ է նշանակում»:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Գյումրու ոստիկանության նորակառույց գրասենյակ և մասնակցել նոր մասնաշենքի բացմանը, այնուհետև կայցելի ՀՀԿ Գյումրու գրասենյակ, հետո կմասնակցի Թատերական հրապարակում հանրահավաքի:

Տեսանյութեր

Լրահոս