Թե ինչքան «կխփի» Սերժ Սարգսյանն ըստ Ադիբեկյանի

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, պատասխանելով galatv.am-ի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, ասել էր. «Շանսը ո՞րն է, որ ասեմ՝ հարյուր, իննսուն տոկոս լավ ա՞, կամ ութսուն, լավ, չէ՝ վաթսուն. ինչքա՞ն կուզեք, էդքան խփենք»:

Galatv.am-ի լրագրողն այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվել է, թե ինչ են ցույց տալիս անցկացված հարցումները, և որքան կարող է «խփել» Սերժ Սարգսյանը:

«Մեր անցկացրած հարցումների պատասխանը թվերի տեսքով մենք կունենանք երկու օրից, սակայն կարող եմ ասել, որ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, ուղղակի տատանվողների մի մասն արդեն կողմնորոշվել է, հիմա կորոշենք, թե ձայները ում օգտին կգնան: Հիմնական թեկնածուները, ուրեմն, մնում են Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, մնացածները բավականին հետ են նրանցից»:

Իսկ նախորդ անգամ անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, հարցվածների 62 տոկոսը պատասխանել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր ձայնը տալու է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին:

«Իսկ այդ չկողմնորոշվածների մեջ, մենք կարծում ենք, որ 30 տոկոսը կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, 8-9 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 3 տոկոսը՝ Հայրիկյանին և Բագրատյանին: 20-22 տոկոսը դեռ որոշում չեն կայացրել, մենք հույս ունենք, որ այս հարցման արդյունքում կտեսնենք, թե այդ տատանվողները վերջին հաշվով կգա՞ն ընտրության, և եթե կգան, ի՞նչ ձևով կքվեարկեն»,- ասել է սոցիոլոգը: Վերջինս հայտնել է, որ սոցիոլոգիական հարցումներ անցկացվել են հունվարի 8-ին, 9-ին, իսկ այսօր ավարտվում են: Հարցումներ իրականացվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

Տեսանյութեր

Լրահոս