Ինչպիսի՞ կանայք են գերում տղամարդկանց
Բոլոր ժամանակներում գեղեցիկ սեռին միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի՞ միջոցներով կարելի է գրավել տղամարդու սիրտը և միտքը: Հենց դրա հետևանքով էլ ի հայտ են եկել գեղեցկության սրահները, թանկարժեք օծանելիքները և կոսմետիկական միջոցները: Իսկ կանանց ո՞ր արժանիքներն են գրավում ժամանակակից տղամարդկանց:
1. Շփվելու ունակություն: Տղամարդկանց, առաջին հերթին, դուր են գալիս շփվող և բարեհամբույր կանայք, ովքեր կարող են խոսել իրենց աշխատանքի, մտերիմների, հոբբիների և այլ հետաքրքրությունների մասին: Սակայն պետք չէ նրանց մոտ անկեղծանալ «նախկինների» մասին պատմություններով, պետք չէ խոսել սեփական անհաջողությունների կամ թերությունների մասին: Առանց վատ զգալու՝ կարող եք ներկայացնել Ձեր դրական կողմերը:
2. Խուսափել կեղծիքից: Տղամարդկանց դուր են գալիս այն կանայք, ովքեր ունեն բնական պահվածք և ներկայացնում են իրենց այնպիսին, ինչպիսին կան իրականում: Պետք չէ զուգընկերոջ հետ շփման ընթացքում այս կամ այն դիմակով ներկայանալ` հույս ունենալով նման կերպ մեծ տպավորություն թողնել: Կեղծիքին հաջորդում է վստահության կորուստը:
3. Կրթվածություն և լավ շարժուձև: Ժամանակակից տղամարդկանց դուր են գալիս այն կանայք, ովքեր կրթված են և ունեն լավ շարժուձև: Պետք է ուշադրություն դարձնել բառապաշարին և էթիկետին:
4. Հաճոյախոսություններ: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հաճոյախոսությունները միայն կանանց համար են: Տղամարդկանց շատ է դուր գալիս տարբեր հանգամանքներում լսել հաճոյախոսություններ իրենց հասցեին: Նրանց հատկապես հուզում են իրենց արտաքինի մասին հաճոյախոսությունները:
5. Բարձր տրամադրություն և ժպիտ: Տղամարդկանց մագնիսի նման «ձգում են» ժպտերես, ուրախ և հումորի զգացումով կանայք: Չէ ՞ որ հենց անկեղծ ժպիտի շնորհիվ է արտացոլվում Ձեր գեղեցիկ ներքին աշխարհը, որն էլ դառնում է Ձեր հմայքի գրավականը: Եթե շարունակեք քայլել նույն «մառախլապատ» դեմքով և դժգոհեք կյանքից, ապա դժվար թե երկրպագուների հոծ բանակ գոյանա:
6. Նպատակասլաց և ինքնուրույն կանայք: Այն կանայք, ովքեր գիտեն, թե ինչ են ցանկանում այս կյանքից, համարձակորեն առաջ են գնում իրենց ծրագրերն իրականացնելու համար, շատ ավելի են հետաքրքրում և հարգանք առաջացնում տղամարդկանց մոտ, քան նրանք, որ իրենք էլ չգիտեն ինչով զբաղվել:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ