Հարձակում որպես այդպիսին չի եղել. պոկել են Բագրատյանի նախընտրական շտաբի պաստառը (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հարձակում է եղել Հրանտ Բագրատյանի՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբի վրա: 168.am-ի թղթակիցներն այցելեցին նշված շտաբ. շտաբի պետ Արմեն Զաքարյանը մեզ հետ զրուցում ասաց, որ հարձակում որպես այդպիսին չի եղել:
«Երբ ես առավոտյան ժամը 11-ին շտաբը բացում էի, նկատեցի, որ պաստառը չկա, որի վրա գրված է «ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ»՝ իր նկարով: Պաստառը եղել է 2 մետրը 80 սմ-ի վրա: Ուրիշ այլ բան տեղի չի ունեցել: Ես դա հարձակում չեմ համարում: Պարզապես կարող եմ ասել խուլիգանություն, որը խոչընդոտ էր նախընտրական ընթացքին: Գողություն չի կատարվել շտաբից, ոչ մի ապակի չի կոտրվել»,- ասաց Արմեն Զաքարյանը:
Շտաբի պետը նշեց նաև, որ կասկածներ չունի, թե ովքեր կարող են լինել դրա հեղինակները: Նա նշեց, որ Հրանտ Բագրատյանի շտաբերում սա գրանցված առաջին նման դեպքն է: Հարցին` արդյոք մտավախություն չունե՞ք, որ հաջորդ անգամ կարող է իսկապես հարձակում տեղի ունենալ իրենց շտաբերի վրա և ավելի մեծ վնասներ հասցվեն թեկնածուի շտաբերին, նա պատասխանեց. «Ո´չ, չունեմ»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:
Տիգրանուհի Մարտիրոսյան
Օֆելյա Հովհաննիսյան