«Ես չեմ տառապում սիրամարգի բարդույթով». Վահան Հովհաննիսյանի պատասխանը` Պարույր Հայրիկյանին
Երեկ մամուլը նշանավորվեց երկու հայտնի քաղաքական գործիչների փոխադարձ «կրակոցներով»: Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, մամլո ասուլիսում խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին, ասել էր. «Արա´, Դուք ո՞վ եք, որ Ձեր վրա կրակեն»: Սրան Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանեց բավական զգացական ձևով:
«Տղայ ջան, մի հուզվիր, ես հասկանում եմ, քո տեռորապաշտ էութիւնը ծանր է տանում որեւէ տեռորիստի ձախողումը։ Բայց սա իմ՝ քո և քո հայրիկի չիրականացած երազները իրականութիւն դարձրած մարդու դեմ արուած մահափորձ է։ Վահան ջան, ինչու մոռացար ԱՄԿ 40-ամյակի քո ելույթը։ Ուզու՞մ ես ֆեյսբուկում տեղադրեմ ։ Եվ մի բան էլ՝ այս մահափորձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքով, ես կարծում եմ, սկսվել է ԿԳԲ-ի բոլոր գաղտնի գործակալների ինքնաբացայայտումը։ Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել, բայց չէի հավատում և յիմա էլ չէմ ուզում յավատալ։ Ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսութեան պաշտպա՞ն էս դարձել։ Կարծում էս դա՞ է քո առաքելութիւնը։ Մի՞թե չգիտես, որ կարգին ռուսները դրա դեմ են պայքարում։ Հոխորտում ես, թեև անգամ թեկնածու առաջադրելու տարրական մակարդակը չունեցաք․․․ Բայց քո պատճառով ես դաշնակցութեանը չեմ փնովի, որովհետև բազմաթիվ ազնիվ դաշնակցական ընկերներ ունեմ եվ այնքան բան եմ սովորել մեծ դաշնակցականներից։
Լավ եղիր ու մի մտածիր ներողութիւն խնդրելու մասին։ Ներուած ես․․․»,- գրել է Պարույր Հայրիկյանը:
Եվ ահա այսօր Հայրիկյանի մեղադրանքներին իր հերթին պատասխանել է Վահան Հովհաննիսյանը: Վերջինս Yerkir.am-ում տարածված հայտարարության մեջ նշել է, որ Հայրիկյանի զայրույթի իրական պատճառը, ոչ թե «ռուսական իմպերիալիզմի» պաշտպանությունն է, որը Հայրիկյանն իրեն է վերագրում, այլ իր այն, որ իրեն Անդրիաս Ղուկասյանի հացադուլն ավելի շատ է մտահոգել, քանի Հայրիկյանի վրա հարձակումը:
«Բայց Պարույր Հայրիկյանը իհարկե իր դերում չէր լինի, եթե իրեն չվերագրեր նաև ելույթիս մեջ հնչած ընդհանուր մտահոգությունն այն մասին, որ քաղաքական պրոցեսը Հայաստանում կանգ է առել ու վերածվել միջոցառումների. դրա համար էլ քիչ հավանական է , որ որևէ երկրի գաղտնի ծառայություն հետաքրքրված լինի մեր հայ նախագահական թեկնածուների սպանությամբ՝ հատկապես այդ թեկնածուի»,- ասել է դաշնակցական պատգամավորը,-«Ինչ վերաբերում է շիզոֆրենիայի եզրին հասած հոգու հուզմունքի դրսևորումներին՝ կապված իմ «տեռորապաշտ» էության կամ «ԿԳԲ»-ի գործակալ լինելու հետ ապա թողնում եմ դրանք անպատասխան: Պարույրը Անդրանիկ Մարգարյանին էլ էր «ԿԳԲ»-ի գործակալի պիտակ կպցնում: Դա նրա համար սովորական բան է, իսկ ինձ և շատ ուրիշների համար բավական է , որ Պարույրի ԱՄԿ-ական ընկերներն են իրեն անվանել «ԿԳԲ-ի ագենտ» ՝ շատ հավաստի համարելով ԱՄՆ-ում ապաստան գտած մի ռուս գեներալի վկայությունը»:
Իսկ անդրադառնալով Հայրիկյանի այն մտքին, որտեղ ԻՄ առաջնորդը խոսել էր Վահան Հովհաննիսյանի և նրա հոր` նույնպես հայտնի դաշնակցական Էդվարդ Հովհաննիսյանի «չիրականացած» երազանքների մասին, Վ.Հովհաննիսյանն ասել է. «Խոսել ընդհանուր երազանքների մասին դժվարանում եմ , քանի որ ինձ Պարույր Հայրիկյանի իրական երազանքները հայտնի չեն, բայց մի տարբերություն անկասկած կա. ես չեմ տառապում սիրամարգի բարդույթով, այդ պատճառով էլ անգամ նույն երազանքի նկատմամբ մեր մոտեցումները միշտ տարբեր են եղել ու միշտ տարբեր են լինելու: Այդ է պատճառը, որ ինձ դժվար է հասկանալ մի մարդու, որը կարծես շատ լավ է զգում իրեն իշխանությունների ջանքերով ամայացած, անապատացած քաղաքական դաշտում: Անապատում ամեն թռչուն էլ սիրամարգ է , որը ամեն առիթ էլ կօգտագործի գեղեցիկ փետուրները ցույց տալու համար: Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է»: