Աջակցություն է ցուցաբերվում հողօգտագործողներին
ՀՀ կառավարությունը որոշել է հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրերն իրականացնելու` սուբսիդիա տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել ավելի քան 3 մլրդ 16 մլն դրամ։ Աջակցության շնորհիվ հանրապետություն ներկրվելիք ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց ամեն մի պարկը հողօգտագործողին կվաճառվի 6 հազար դրամով, ավելի քան 17 մլն լիտր դիզելային վառելանյութի ամեն մի լիտրը` 350 դրամով։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է նաև ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին երեք ամիս ժամկետով տրամադրել ավելի քան 3 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ։
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ մարզերի` առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացնել մոտ 7.5 մլրդ դրամ։ Որոշումը թելադրված է այն հանգամանքով, որ դպրոցաշինության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում կան մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումը մարզերի համար մեծ կարևորություն ունի։